2 հոկտեմբերի 2016 - 21:03 AMT
Մուկուչյան. Առաջին հայացքից արձանագրված խախտումները շատ ավելի քիչ են

Հոկտեմբերի 2-ին Հայաստանի 6 մարզում` Գեղարքունիք, Լոռի, Կոտայք, Շիրակ, Սյունիք, Վայոց Ձոր, տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն ավարտվել են, բոլոր ընտրատեղամասերը փակվել են և պատրաստվում են հաշվարկի։ Ընդհանուր առմամբ, ընտրություններ կայացել են 372 համայնքում։ Իսկ Գյումրիում և Վանաձորում կայացել են ավագանու անդամի ընտրություններ։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարել է, թե բոլոր ահազնագերի ու խախտումների մասին տեղեկություններին արձագանքել են, փորձել են ուսումնասիրել կատարվածի հանգամանքները, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Մուկուչյանը առանձնացրել է մի քանի խախտում. «Գրառումներ են եղել տեղամասերի մոտ կուտակումների մասին, որոնց վերաբերյալ արձագանքը եղել է օպերատիվ և ձեռնարկվել են միջոցներ, որպեսզի վերացվեն խախտումները։ Եղել են նաև հայտարարություններ այն մասին, որ մարդիկ փորձել են քվեարկել մեկ ուրիշի փոխարեն։ Որպես կանոն, դրանք եզակի դեպքեր են եղել՝ 1- 2 դեպք, որոնք շփոթության արդյունք են եղել։ Բոլոր դեպքերում, հանձնարարականն ու օրենքի պահանջը մեկն է՝ բոլոր ընտրախախտումները գրանցվեն ընտրամատյաններում և դրանով արդեն քննությունները հետագայում կանցկացվեն»,- մեջբերում է Panorama.am-ը։

Նրա խոսքով, ընտրախախտումների հստակ տվյալների մասին կարելի է խոսել ընտրատեղամասերից գրանցամատյաններն ստանալուց հետո միայն։

«Միանշանակ կարելի է փաստել, որ թե բովանդակային առումով, թե առաջին հայացքից արձանագրված խախտումները շատ ավելի քիչ են», -ասել է Մուկուչյանը՝ պատասխանելով նախորդ ընտրությունների հետ համեմատություն անցկացնելու մասին հարցին։

ԿԸՀ նախագահը տեղեկացրել է, որ կեսգիշերին արդեն կստացվեն փոքր համայնքներում անցկացված ընտրությունների առաջին արդյունքները։

Հոկտեմբերի 2-ին՝ 08։00-ից մեկնարկել են Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները ՀՀ 377 համայնքում, մասնավորապես` Գյումրի և Վանաձոր քաղաքներում։ Գյումրիում իշխանության համար պայքարում է 11 կուսակցություն և դաշինք, Վանաձորում՝ 8:

Կարդացեք նաև՝Ընդդիմադիր թեկնածուների շտաբերի ներկայացուցիչներ. Վանաձորում ահազանգերը հիմնականում ընտրակաշառքների մասին են