Զեկույց. Հայաստանի տարրական կրթությունն ամենաորակյալն է տարածաշրջանում

Զեկույց. Հայաստանի տարրական կրթությունն ամենաորակյալն է տարածաշրջանում

PanARMENIAN.Net - Հայաստանը տարրական կրթության որակի առումով աշխարհի 138 երկրի շարքում զբաղեցնում է 66-րդ հորիզոնականը՝ հավաքելով 4.1 միավոր առավելագույն 7-ից: Համաշխարհային տնտեսական ֆորումը հրապարակել է իր ամենամյա Մրցունակության համաշխարհային ինդեքսը (Global competitiveness index),որում Հայաստանի հետ նույն ցուցանիշն ունեն նաև Մոնղոլիան, Սաուդիան Արաբիան, Իրանը, Բուլղարիան, Սլովակիան, Կոտ դ'Իվուարը, Տաջիկստանն ու Ղազախստանը:

Հարևան Ադրբեջանը 81-րդ հորիզոնականում է՝ (3.8 միավոր), Վրաստանը՝ 93-րդ (3.4 միավոր), Թուրքիան՝ 105-րդ ( 3.1 միավոր): Նույն աղյուսակում ՌԴ-ն զբաղեցնում է 49-րդ տեղը՝ 4.4 միավորով:

Նույն ինդեքսի բարձրագույն կրթության որակի վերաբերյալ սանդղակում Հայաստանը զբաղեցնում է 71-րդ տեղը, սակայն այստեղ հավաքած միավորներն ավելի բարձր են՝ 7 առավելագույնից 4.4:

Ըստ վարկանիշային աղյուսակի, ամենակիրթը Ֆինլանդիայի, Շվեյցարիայի ու Բելգիայի բնակիչներն են: Սանդղակի վերջին հորիզոնականներում են Մավրիտանիան, Եմենն ու Պարագվայը:

Համաշխարհային տնտեսական ֆորումը պետական-մասնավոր գործակցության վրա հիմնված միջազգային կազմակերպություն է, որը ձգտում է բարելավել իրավիճակն ամբողջ աշխարհում: Այն հիմնադրվել է 1971-ին որպես ոչ կոմերցիոն կազմակերպություն, գլխամասային գրասենյակը Շվեյցարիայում է:

Զեկույցն անդրադարձել է նաև Հայաստանի ճանապարհների և առողջապահության որակին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---