Հայաստանը առողջապահության ցուցանիշով աշխարհի 138 երկրի ցանկում զբաղեցնում է 69-րդ հորիզոնականը՝ առավելագույն 7 բալից հավաքելով 6.5: Համաշխարհային տնտեսական ֆորումը հրապարակել է իր ամենամյա Մրցունակության համաշխարհային ինդեքսը (Global competitiveness index),որում այս ցուցանիշով Հայաստանն առաջ է անցնում Վրաստանից (73-րդ հորիզոնական), ՌԴ-ից (82-րդ հորիզոնական), Ադրբեջանից (95-րդ հորիզոնական), սակայն զիջում է Թուրքիային (58-րդ հորիզոնական) և Իրանին (63-րդ հորիզոնական):
Մանկական մահացության ցուցանիշով Հայաստանը զբաղեցնում է 71-րդ հորիզոնականը, կյանքի միջին տևողությամբ՝ 68-րդ:
Ըստ վարկանիշային աղյուսակի, ամենաառողջը Ճապոնիայի, Իտալիայի, Իսպանիայի, Լյուքսեմբուրգի և Իսլանդիայի բնակիչներն են. այս երկրները հավաքել են առավելագույն 7 միավոր:
Սանդղակի վերջին հորիզոնականներում են Կոնգոն (2.7 միավոր), Սիեռա Լիոնեն (3.2 միավոր) ու Մոզամբիկը (3.4 միավոր):
Համաշխարհային տնտեսական ֆորումը պետական-մասնավոր գործակցության վրա հիմնված միջազգային կազմակերպություն է, որը ձգտում է բարելավել իրավիճակն ամբողջ աշխարհում: Այն հիմնադրվել է 1971-ին որպես ոչ կոմերցիոն կազմակերպություն, գլխամասային գրասենյակը Շվեյցարիայում է:
Կարդացեք նաև՝ Զեկույց. Հայաստանի ճանապարհներն ամենավատն են տարածաշրջանում