12 հոկտեմբերի 2016 - 10:32 AMT
Արտահերթ նիստ սիրիահայերի հարցով. Քննարկվել են աջակցության ուղիները

Հոկտեմբերի 11-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի է ունեցել սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի արտահերթ նիստը, որտեղ քննարկվել են սիրիական ճգնաժամի խորացման պայմաններում Հայաստան տեղափոխված, ինչպես նաև Հալեպից Հայաստան տեղափոխվելու ցանկություն ունեցող սիրիահայերին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ հիմնախնդիրները, ինչպես նաև այս ոլորտի մի շարք միջոցառումների համակարգումը կատարելագործելու վերաբերյալ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականի կատարումը: Նիստը նախագահել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Սփյուռքի նախարարը հանձնաժողովի անդամներին տեղեկացրել է, որ նախարարությունը մշտական կապի մեջ է Սիրիայի հայ համայնքի կառույցների ներկայացուցիչների, ինչպես նաև ՀՀ գլխավոր հյուպատոսի հետ՝ իրավիճակը գնահատելու և անհրաժեշտ օգնություն ձեռնարկելու նպատակով: Նա տեղեկացրել է նաև, որ Հայաստան հնարավոր ժամանողների օգնությունը կազմակերպելու համար ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցները հերթապահում են օդանավակայանում և դիմավորում Արևելքից ժամանած օդանավերը: Անցնող տաս օրերին եկել է միայն չորս ընտանիք: Տարբեր լրատվամիջոցներով տարածվող լուրերը, որ խուճապ կա և շատերն են ցանկություն հայտնել գալ Հայաստան, չափազանցված են: ՀՀ գլխավոր հյուպատոսը և ազգային իշխանությունները ամեն օր նշում են, որ Սիրիայից, մասնավորապես՝ Հալեպից դուրս գալու համար իրենց դիմել է մի քանի ընտանիք, որոնց էլ օգնել ենք Հայաստան հասնել, հայտնում է սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունը:

Միաժամանակ, նախարարը տեղեկացրել է, որ Հանրապետության նախագահի հանձնարարությամբ հումանիտար օգնությամբ բեռնված երկու օդանավերը հաջողությամբ հասել են Սիրիա: Հումանիտար բեռը ուղեկցել են պետական մի քանի ծառայողներ, այդ թվում՝ ՀՀ ՍՆ աշխատակազմի Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ Լևոն Անտոնյանը, ով տեղում աջակցել է սննդի բաշխման աշխատանքներին:

ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ, Միջին Արևելքի և Հայաստանի ծրագրերի պատասխանատու Վազգեն Յակուբյանը նշել է, որ սիրիական վերջին զարգացումներից հետո ՀԲԸՄ-ն արտահերթ ֆոնդ է ստեղծել սիրիահայերին օգնելու նպատակով: ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամը շեշտել է, որ չնայած ծանր վիճակին՝ Հալեպում խուճապ չկա:

«Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Լենա Հալաջյանը կարևորել է սիրիահայերի տեղափոխության և Հայրենիքում հաստատվելու խնդիրը չքաղաքականացնելու հարցը:

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիրթը, ինչպես նաև «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկության, «Սիրիահայերի միություն» ՀԿ-ի, Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության, «Ամքոր» Հայաստան հիմնադրամի, Հայ օգնության միության, «Հայկական կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի, Ամերիկայի հայկական համագումարի, Ամերիկայի հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի, Հայկական Կարմիր խաչի ընկերության, «Օքսֆամ Հայաստան» ընկերության ներկայացուցիչները ներկայացրել են սիրիահայերին առաջնային օգնություն ցուցաբերելու իրենց ծրագրերը, նախատեսված միջոցներն ու հնարավորությունները: Ներկաները նշել են, որ ՀՀ սփյուռքի նախարարության համակարգմամբ ճշգրտելով տրամադրվելիք օգնության առաջնահերթությունները՝ իրենք առավել թիրախավորված և անհրաժեշտ օգնություն կցուցաբերեն սիրիահայերին: Քննարկվել են առաջիկայում այն սիրիահայերին դեղորայքի, ձմեռային հագուստի, անհրաժեշտ պարագաների, ինչպես նաև սննդի օգնություն տրամադրելուն վերաբերող հարցեր, ովքեր առավել կարիքավոր են:

Նախարարը խնդրել է, որ միջգերատեսչական հանձնաժողովի անդամ պետական մարմինները և նիստին մասնակից միջազգային, համահայկական, բարեգործական, հասարակական կազմակերպությունները սեղմ ժամկետում ներկայացնեն առաջարկություններ Հայաստան տեղափոխված սիրիահայերի հետ աշխատանքները կատարելագործելու, առավել արդյունավետ դարձնելու, ինչպես նաև Սիրիայում մնացած մեր հայրենակիցներին աջակցելու և նոր մեխանիզմներ մշակելու վերաբերյալ:

Սփյուռքի նախարարության տրամադրած տվյալների համաձայն, այս օրերին Հայաստան է եկել 4 ընտանիք:

«Առաքելություն արևելք» մարդասիրական օգնության կազմակերպության տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Արմեն Բեժանյանն էլ հայտնել է, որ սիրիահայերին աջակցելու համար իրենք գործակցում են մի շարք կազմակերպությունների հետ։ «Մեր նպատակն է մասնակի բնակվարձի հատուցումը։ Ծրագրում կա ձմեռնամուտի ապահովման բաղադրիչ և սոցիալ-հոգեբանական աջակցություն: Ունենք սոցիալական աշխատողներ, որոնք զբաղվում են այդ խնդրով»,- ասել է նա և հայտարարել, թե հարկավոր է համակարգված աշխատանք տանել, որովհետև սիրիահայերին աջակցելն այս պահին կարևորագույն խնդիր է:

Սիրիայի հակամարտությունից տուժած բնակիչներին մարդասիրական օգնություն ուղարկելու նպատակով ՀՀ կառավարության հոկտեմբերի 6-ի նիստում որոշվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցելու համար արտաքին գործերի նախարարությանը պահուստային ֆոնդից հատկացնել 46 մլն 33.000 դրամ: ՀՀ ԱԳ նախարարին հանձնարարվել է հատկացվող գումարը «Հայաստան» համահայկական հիմնադրամին տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա: