14 հոկտեմբերի 2016 - 11:19 AMT
Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից չտուժած քաղաքացիները վերադառնում են Հայաստան

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հանձնարարությամբ կազմակերպվել է Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով առողջական խնդիրներ չունեցող քաղաքացիների վերադարձը Հայաստան: Նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ նրանց Երևան տեղափոխող ավտոբուսն արդեն ճանապարհին է։

Հոկտեմբերի 14-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 04:30-ի սահմաններում, Հյուսիսային Օսեթիայիում` Բեսլան քաղաքից 6 կմ հեռավորության վրա, վթարի է ենթարկվել ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող Մոսկվա-Երևան ավտոբուսը:

Ավտոբուսի 50 ուղևորներից 27-ը, ովքեր բուժօգնության կարիք չունեն, գտնվում են Բեսլանի մշակույթի տանը։ Նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ օգնություն։ Վթարի վայրում աշխատում են փրկարարները, ոստիկանները, շտապ օգնության աշխատակիցները:

Ավիատրանսպորտ կհատկացվի Բեսլանի մոտ Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժածներին Երևան տեղափոխելու համար: Այդ մասին հայտնել է Հյուսիսային Օսեթիայի ԱԻՆ գլխավոր վարչության պետ Ալեքսանդր Խորուժին: «ՌԴ նախագահի հրամանագրով ավիատրանսպորտ է հատկացվել ցանկացողներին Երևան տեղափոխելու համար»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Բեսլան կժամանի ՌԴ ԱԻՆ ինքնաթիռը, որտեղ բժիշկներ կլինեն և տեղում կորոշեն տուժածների վիճակն ու ըստ բժշկական ցուցումների նրանց տարհանման հնարավորությունը»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Ըստ նրա, հնարավոր է, որ տուժածները միանգամից բուժման ուղարկվեն Երևան: «ՌԴ ԱԻՆ ինքնաթիռը հագեցած է անհրաժեշտ սարքավորումներով, որոնք թույլ են տալիս անհրաժեշտ բուժօգնություն ցուցյ տալ ինքնաթիռում»,-ասել է նա:

ՀՀ ՏԿՏՏՆ-ում ձևավորված օպերատիվ խումբն ուսումնասիրում է դեպքի մանրամասներն ու հետևանքները:

Վթարի առնչությամբ նախարարությունում գործում է թեժ գիծ` 59-01-02, 59-01- 04, 59-01-05 հեռախոսահամարներով:

Կարդացեք նաև՝ Վթարվել է Մոսկվա-Երևան ավտոբուսը. Կա 5 զոհ, 27 վիրավոր