Բեսլանի մոտակայքում ավտոբուսի վթարի դեպքով քրգործ է հարուցվել. Պատճառները քննվում են

Բեսլանի մոտակայքում ավտոբուսի վթարի դեպքով քրգործ է հարուցվել. Պատճառները քննվում են

PanARMENIAN.Net - Վլադիկավկազ-Բեսլան շրջադարձային ճանապարհին ՀՀ քաղաքացիների մասնակցությամբ տեղի ունեցած վթարի դեպքով ՌԴ ՆԳՆ քննչական վարչության՝ Հյուսիսային Օսեթիայի Հանրապետության ստորաբաժանման վարույթում հարուցվել է քրեական գործ` ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 5-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի մարդու մահ)։

Մշակվել են աշխատանքային վարկածներ, և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ վթարի պատճառները պարզելու ուղղությամբ, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Նախնական տվյալներով՝ վթարի հետևանքով մահացել է 5 անձ, որոնցից 3-ը ազգությամբ ռուս են՝ ՌԴ քաղաքացի, 2-ը՝ ՀՀ քաղաքացի՝ ազգությամբ հայ, որոնցից 1-ը վարորդն է: 27 անձ ստացել է մարմնական վնասվածքներ։

Նախաքննության ընթացքի մասին պարբերաբար զեկուցվում է ՀՀ ՔԿ նախագահին։ Քննությամբ պարզված հանգամանքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։

ՌԴ ԱԻՆ Գլխավոր վարչությունից ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը տրամադրված նախնական տեղեկությունների համաձայն՝ հոկտեմբերի 14-ի առավոտյան ժամը 04.30-ի սահմաններում Վլադիկավկազ քաղաքի մոտակայքում՝ Վլադիկավկազ-Բեսլան շրջադարձային ճանապարհի 8-րդ կմ-ին, Մոսկվա-Երևան երթուղային ավտոբուսը բախվել է «Սկանիա» բեռնատարին, ինչի արդյունքում ավտոբուսում գտնվող 52 ուղևորից 5-ը զոհվել է:

Ներկայումս 27 ուղևոր գտնվում է Վլադիկավկազի հանրապետական հիվանդանոցում, որոնցից չորսը՝ երեխա: Տուժած մանկահասակ երեխաներից մեկը տեղափոխվել է վերակենդանացման բաժին:

ՌԴ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացվել է ՌԴ տարածքում Մոսկվայից Երևան ուղևորվող ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիների նախնական ցուցակը, որոնք բուժօգնություն են ստանում Վլադիկավկազի 3 հիվանդանոցներում:

10:00-ի դրությամբ 13 քաղաքացի գտնվել է Բեսլանի մշակութային կենտրոնի տարածքում ստեղծված ժամանակավոր կացության վայրում: Քաղաքացիներն ապահովված են սննդով և անհրաժեշտ պարագաներով: Ավտոբուսի 5 ուղևոր այլ տրանսպորտային միջոցով շարունակել է ճանապարհը:

ՌԴ Հյուսիսային Օսիա-Ալանիա ԱԻ նախարարի և ՆԳ նախարարի տեղեկալի, քննչական վարչության պետի ղեկավարությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ՝ տեղում անհրաժեշտ աշխատանքների համակարգման նպատակով: Ներկայումս քննվում են ավտոճանապարհային պատահարի պատճառները: Դեպքի վայրում է նաև Դոնի-Ռոստովում ՀՀ Գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչը:

Տուժած և զոհված ուղևորների ցուցակներն ու քաղաքացիությունը դեռևս ճշտվում են:

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը և դեսպանությանը կից ՀՀ իրավապահ մարմինների լիազոր ներկայացուցիչները մշտական կապի մեջ են ՌԴ Հյուսիսային Օսիա-Ալանիա Հանրապետության համապատասխան մարմինների հետ՝ անհրաժեշտ աշխատանքների համակարգման և ստեղծված իրավիճակի կարգավորման ուղղությամբ:

Դեսպանությունից հայտնում են, որ հավելյալ տեղեկությունները կհայտնեն լրացուցիչ:

Կարդացեք նաև՝ Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից չտուժած քաղաքացիները վերադառնում են Հայաստան

Վթարվել է Մոսկվա-Երևան ավտոբուսը. Կա 5 զոհ, 27 վիրավոր

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---