Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից զոհված ՌԴ քաղաքացիների մարմինները կտեղափոխվեն Ռոստովի շրջան

Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից զոհված ՌԴ քաղաքացիների մարմինները կտեղափոխվեն Ռոստովի շրջան

PanARMENIAN.Net - Բեսլանի մոտակայքում Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով զոհված ՌԴ քաղաքացիների մարմինները հոկտեմբերի 15-ին կտեղափոխվեն հայրենիք` Ռոստովի շրջան: Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի վարչությունը, գրում է ՏԱՍՍ-ը:

Հոկտեմբերի 14-ի առավոտյան ժամը 04.30-ի սահմաններում Վլադիկավկազ քաղաքի մոտակայքում՝ Վլադիկավկազ-Բեսլան շրջադարձային ճանապարհի 8-րդ կմ-ին, Մոսկվա-Երևան երթուղային ավտոբուսը բախվել է «Սկանիա» բեռնատարին, ինչի արդյունքում ավտոբուսում գտնվող 52 ուղևորից 5-ը զոհվել է:

«Ռոստովի շրջանի կառավարությունը տրանսպորտ է հատկացրել, որով կտեղափոխվեն զոհվածների մարմինները: Տրանսպորտն արդեն Հյուսիսային Օսեթիայում է գտնվում»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Աշխատանքները տեղում կազմակերպելու համար հոկտեմբերի 14-ին ՌԴ են մեկնել ՀՀ առողջապահության նախարարության հիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Վարդան Վարդազարյանը և արտակարգ իրավիճակների և զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Գաբրիել Թեփելիկյանը, ինչպես նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արամ Արսենյանը:

ՌԴ ՆԳՆ քննչական վարչության՝ Հյուսիսային Օսեթիայի Հանրապետության ստորաբաժանման վարույթում հարուցվել է քրեական գործ` ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 5-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի մարդու մահ)։Մշակվել են աշխատանքային վարկածներ, և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ վթարի պատճառները պարզելու ուղղությամբ:

Ընթերցեք նաև. Բեսլանի մոտակայքում ավտոբուսի վթարում տուժածները տեղափոխվել են Սբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---