ՀՀ ՄԻՊ-ը սիրիահայերի հարցով դիմել է միջազգային մարմիններին

ՀՀ ՄԻՊ-ը սիրիահայերի հարցով դիմել է միջազգային մարմիններին

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Սիրիայում բնակվող հայերի անվտանգության երաշխավորման և վերջիններիս աջակցություն տրամադրելու խնդրով դիմել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին, Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցչին, Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտի, Միջազգային օմբուդսմենների ինստիտուտի, Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ղեկավարներին:

Միջազգային կառույցներին ուղղված նամակներում Մարդու իրավունքների պաշտպանն իր մտահոգությունն է հայտնել, մասնավորապես, վերջին ամիսներին տեղի ունեցած ռմբակոծությունների հետևանքով հայերի մահվան և վնասներ կրելու դեպքերի առնչությամբ` խնդրելով այդ մարմինների իրավասության սահմաններում գործուն աջակցություն:

Հոկտեմբերի 13-ին հրթիռակոծվել է հայաշատ Սուլեյմանիե թաղամասի դրոցներից մեկը, ինչի հետևանքով 7 երեխա է զոհվել, տասնյակ վիրավորներ կան: Հալեպի հայկական թաղամասերում իրավիճակը շարունակում է մնալ լարված: Հոկտեմբերի 5-ին Հալեպի Նոր Գյուղ հայաշատ թաղամասի ռմբակոծման հետևանքով երկու հայ է զոհվել, ևս մեկը վիրավորվել է:Սեպտեմբերի 30-ի առավոտյան տեղի ունեցած ուժգին հրթիռակոծության հետևանքով Հալեպում զոհվել էր հինգ հայ, ութը վիրավորվել էին:Հրթիռակոծութվել էին Հալեպի Նոր Գյուղ և Վիլլաներ թաղամասերը:

2016-ի 10 ամսվա ընթացքում Հայաստան է տեղափոխվել 428 սիրիահայ (մոտ 100 ընտանիք): Սիրիական իշխանությունների պաշտոնական տվյալներով, այս պահին Հալեպում 8-10.000 հայ կա:

ՀՀ սփյուռքի նախարարության տվյալներով, պատերազմի 5 տարվա ընթացքում Սիրիայում հայկական համայնքը 250.000-ից կրճատվել է մինչև 22-30.000: Այս տարիներին Սիրիայից Հայաստան է տեղափոխվել 20.000 հայ, որոնցից 17.000 մնացել է այստեղ, իսկ 13.000 դարձել է ՀՀ քաղաքացի:

Կարդացեք նաև՝ 2016-ին մոտ 100 սիրիահայ ընտանիք է տեղափոխվել Հայաստան

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---