17 հոկտեմբերի 2016 - 17:16 AMT
Կարմիր խաչ. Մոսուլում հումանիտար աղետ է

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչ Սարա ալ Զավքարին հայտարարել է, որ Մոսուլում, որի գրոհն է սկսել իրաքյան բանակը նպատակ ունենալով ազատագրել քաղաքը «Իսլամական պետության» գրոհայիններից, հումանիտար աղետ է:

Ըստ նրա, ավելի քան 3 մլն մարդ արդեն հեռացել է քաղաքից ռազմական գործողությունների պատճառով, նրանց կարող է միանալ ևս մոտ 1 մլն բնակիչ, հայտնում է RT-ն:

«Մարդիկ խուճապահ հեռանում են քաղաքից ամբողջ ընտանիքներով, առանց իրերի: Այդ մարդկանց ապաստան է հարկավոր, ջուր, սնունդ, դեղորայք»,-ասել է Ալ Զավքարին:

ԿԽՄԿ ներկայացուցիչը հայտարարել է, որ կազմակերպությունը պատրաստ է օգնել բոլոր փախստականներին և օգնել նրանց անվտանգ վայր հասնել:

Հոկտեմբերի 17-ի վաղ առավոտյան քուրդ աշխարհազորայիններն ու Իրաքի բանակը սկսել են Մոսուլի ազատագրման գործողությունը` քաղաքը կգրոհի 30.000 զինյալ: Քրդերի ռազմականացված «փեշմերգա» ջոկատները հսկողություն են հաստատել իրաքյան Մոսուլի մատույցներում գտնվող 7 բնակավայրում:

Ընթերցեք նաև. ԻՊ պարագլուխը Մոսուլի արվարձանների ռմբակոծության ժամանակ չի տուժել