Գերմանիայի քրդերը կոչ են անում Բեռլինին կասեցնել գործակցությունն Անկարայի հետ

Գերմանիայի քրդերը կոչ են անում Բեռլինին կասեցնել գործակցությունն Անկարայի հետ

PanARMENIAN.Net - Գերմանիայի քրդական համայնքի ղեկավար Ալի Էրթան Տոպրակը կոչ է արել Բեռլինին դադարեցնել գործակցությունը Թուրքիայի կառավարության հետ փախստականների գծով և կասեցնել ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունները` քրդամետ պատգամավորների ձերբակալության պատճառով, հայտնում է Reuters-ը:

Նոյեմբերի լույս 4 գիշերը Թուրքիայում ձերբակալվել է քրդամետ կուսակցության 16 անդամ, այդ թվում կուսակցության համանախագահներ Սելահադդին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուկսեդաղը: Ձերբակալությունները տեղի են ունեցել միաժամանակ Թուրքիայի մի քանի քաղաքներում, մասնավորապես, Անկարայում, Դիարբեքիրում, Մարդինում: Պատգամավորները ձերբակալվել են այն պատճառաբանությամբ, որ չեն ներկայացել դատարան ցուցմունքներ տալու համար:

«Տոպրակը պահանջում է կասեցնել զենքի առաքումները, ավելացնել քաղաքական ճնշումը ԵՄ և ՆԱՏՕ-ի կողմից, դադարեցնել փախստականների գծով ԵՄ-Թուրքիա համաձայնագրի գործողությունը, անհապաղ կասեցնել ԵՄ ֆինանսական աջակցությունը և ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները»,-ասվում է քրդական համայնքի հայտարարության մեջ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թուրքիայում քրդամետ Ժողովրդների դեմոկրատական կուսակցության անդամ խորհրդարանի պատգամավորների ձերբակալությունից հետո ԳԴՀ արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը ԱԳՆ է կանչել Գերմանիայում Թուրքիայի գործերի հավատարմատարին: «Գիշերը տեղի ունեցած քրդամետ պատգամավորների ձերբակալությունը, նախարարի կարծիքով, վկայում է Թուրքիայում վիճակի կտրուկ վատթարացման մասին»,-ասվում է Գերմանիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

Ավելի վաղ տարածված Գերմանիայի ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է, որ Գերմանիան, «հաշվի առնելով խորը պատմական հարաբերությունները Թուրքիայի հետ», չի կարող լռել` Թուրքիայի կառավարությունն անհապաղ պետք է իրազեկվի Գերմանիայի պաշտոնական դիրքորոշման մասին:

Ընթերցեք նաև. Շտայնմայեր. Քրդամետ պատգամավորների ձերբակալությունը վկայում է Թուրքիայում վիճակի վատթարացման մասին

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---