Ջերմոցների զարգացման խնդիրները քննարկվել են նախարարությունում

Ջերմոցների  զարգացման խնդիրները քննարկվել են նախարարությունում

PanARMENIAN.Net - ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նոյեմբերի 17-ին ընդունել է խոշոր ջերմոցային տնտեսությունների ներկայացուցիչներին` ոլորտին առնչվող խնդիրները քննարկելու նպատակով:

«Ինչպես տեղյակ եք, ՀՀ վարչապետի հանձնարարությամբ կազմակերպում ենք հանդիպումներ գյուղատնտեսության ոլորտի տարբեր ճյուղերի ներկայացուցիչների հետ` համատեղ քննարկելու և գույքագրելու բոլոր խնդիրները, լսելու ձեր կարծիքն ու առաջարկներն իրականացվող քաղաքականության վերաբերյալ, որոնք հիմք կդառնան ոլորտի ռազմավարական զարգացման ուղղությունները մշակելիս: Կարևոր է, որպեսզի այս հանդիպումների ընթացքում մենք կարողանանք գտնել պետություն-մասնավոր հատված փոխգործակցության արդյունավետ ձևաչափը»,- նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:

Նախարարը հավելել է, որ ջերմոցային տնտեսությունների զարգացումը մեր երկրի գյուղատնտեսության համար հեռանկարային ուղղություններից է, և ՀՀ կառավարությունը ոլորտը խթանելու նպատակով վերջերս ընդունեց գազի սակագնի նվացեզման որոշում, որը կնպաստի, որպեսզի առավել արդյունավետ գործունեություն ծավալվի, և արտադրանքի գները դառնան առավել մրցակցային:

Նախարարի հետ հանդիպման ընթացքում ջերմոցատերերը ներկայացրել են պետության կողմից իրականացվելիք այն քայլերը, որոնք կնպաստեն ջերմոցային տնտեսությունների ընդլայնմանը:

Մասնավորապես բարձրացվել են ձմեռային սեզոնին գազի վարձավճարների հետաձգմանը, էժան ֆինանսական միջոցների ներգրավմանը, աշխատուժի բացակայությանը, մասնագիտական վերապատրաստման դասընթացների կազմակերպմանը, տեղական արտադրողների շահերի պաշտպանությանը, պտուղ-բանջարեղենի մաքսազերծմանը, մկնանման կրծողների դեմ լայնածավալ պայքարի միջոցառումներ իրականացնելուն առնչվող և այլ հարցեր:

Մասնակիցների խոսքով` ձմռան ամիսներին գազի վարձավճարների հետաձգումը հնարավորություն կտա շուրջ 10-15 տոկոսով ավելացնել բերքատվությունը, ընդլայնել բիզնեսը:

Նախարարը նշել է, որ բարձրացված բոլոր խնդիրները լրացուցիչ կքննարկվեն պատասխանատուների հետ, մանրակրկիտ ուսումնասիրության առարկա կդառնան` գտնելու առկա խնդիրների առավել իրատեսական և արդյունավետ լուծման տարբերակները:

Ավելի վաղ նոյեմբերի 17-ին Հ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ընդունել է տեղական թռչնաբուծական մի շարք ընկերությունների ներկայացուցիչներին:

Թռչնաբույծները ներկայացրել են իրենց հիմնախնդիրները՝ մասնավորապես առանձնացնելով թռչնի կերի ինքնարժեքի նվազեցման, ներմուծման ժամանակ ԱԱՀ-ի հետաձգման, պետական սուբսիդավորման հարցերը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---