22 նոյեմբերի 2016 - 11:21 AMT
ՄԱԿ. Մոտ 1 մլն մարդ Սիրիայում ապրում է մշտական սպառնալիքի տակ

Սիրիայում մոտ 1 միլիոն մարդ ապրում է մշտական սպառնալիքի տակ: Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալը, գրում է BBC-ն:

Նրա խոսքով՝ վերջին տարիներին Սիրիայում մշտապես սպառնալիքի տակ ապրող մարդկանց թիվը կրկնապատկվել է՝ 486.700-ից հասնելով 974.000-ի: Սիրիայի քաղաքացիները մեկուսացած են, սոված, զրկված բուժօգնությունից և ենթարկվում են ռմբակոծության: Սիրիացիները չեն կարողանում օգնություն ստանալ, որպեսզի հեռանան վտանգավոր շրջաններից:

Պաշտոնյայի խոսքով՝ շատ դեպքերում սիրիացիները հայտնվել են նման իրավիճակում կառավարության գործողությունների պատճառով:

ՄԱԿ առաջարկը Հալեպում ծանր մարտերի դադարեցման մասին մերժվել է Սիրիայի կառավարության կողմից: Այդ առաջարկը նախատեսում էր, որ ընդդիմությունը կպահպանի իշխանությունը քաղաքի արևելյան թաղամասերում ապստամբների ուժերի հեռանալուց հետո: