25 նոյեմբերի 2016 - 12:22 AMT
Յիլդիրիմ. ԵՄ հետ կապերի խզումը կվնասի Թուրքիային

Եվրամիության հետ կապերի խզումը կվնասի Թուրքիային: Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Բինալի Յիլդիրիմն` անդրադառնալով Եվրախորհրդարանի բանաձևին ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցությունները կասեցնելու մասին բանաձևին:

Ըստ վարչապետի, ներգաղթյալները կհեղեղեն Եվրոպան, եթե Թուրքիան չզսպի նրանց, հայտնում է ՏԱՍՍ-ը: Նոյեմբերի 24-ին Եվրախորհրդարանն ընդունել է Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունների սառեցման մասին որոշումը: Այն ընդունվել է 479 կողմ, 37 դեմ և 107 ձեռնպահ ձայներով: Իրենց որոշումը պատգամավորները բացատրել են Անկարայի «անհամաչափ պատասխանով» հեղաշրջման անհաջող փորձին: Բանաձևը խորհրդատվական բնույթ ունի և դիմում է Եվրահանձնաժողովին, ինչպես նաև ԵՄ անդամ պետությունների կառավարություններին:

«ԵՄ հետ կապերի խզումը կվնասի Թուրքիային: Ես դա խոստովանում եմ: Սակայն Եվրոպան ավելի կտուժի` 3-5 անգամ ավելի: Առանց Թուրքիայի փախստականները կհեղեղեն Եվրոպան, այնտեղ պետք է դա հասկանան»,-ասել է նա: Յիլդիրիմը նաև մեղադրել է Քրդստանի աշխատավորական կուսակցությանը (ՔԱԿ) և նրա հետ կապված մահմեդական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի «Ֆեթո» կազմակերպությանը «ԵՄ երկրներում կյանքը թունավորելու և Թուրքիայի դեմ արշավներ կազմակերպելու մեջ»:

Յիլդիրիմն անդրադարձել է նաև Էրդողանի հայտարարությանը ԵՄ փոխարեն Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցելու հեռանկարի մասին հայտարարությանը: «Ինչ վերաբերում է ՇՀԿ-ին, այդ հեռանկարը չպետք է ընկալվի որպես այլընտրանք ԵՄ-ին: Մեր աշխարհաքաղաքական դիրքի պատճառով մենք պետք է զարգացնենք հարաբերությունները նաև այլ երկրների հետ: Բոլորս տեսնում ենք Չինաստանի, Հնդկաստանի, Պակիստանի զարգացումը»,-ասել է նա:

«Եվ սա սպառնալիք չէ: Մենք պետք է զարգացնենք հարաբերությունները և տնտեսական, և քաղաքական ոլորտներում: Եվ մենք չենք ընտրում կամ ԵՄ-ն, կամ ՇՀԿ-ն»,-ասել է նա:

ԵՄ և Թուրքիայի միջև ասոցացման մասին համաձայնագիր ստորագրվել 1963-ին: ԵՄ-ին անդամակցելու հայտ Անկարան ներկայացրել է 1987-ին: Անդամակցության շուրջ բանակցությունները մեկնարկել են միայն 2005-ին և կասեցվել են մի քանի անգամ:

11 տարվա բանակցություններից հետո ԵՄ-ին անդամակցելու հեռանկարը դեռ անորոշ է մնում: Եվրոպացի առաջնորդները քննադատում են Թուրքիայի իշխանություններին քաղաքացիական ազատությունները ճնշելու համար, մինչդեռ Անկարան դժվարությամբ է ընկալում դա:

Ընթերցեք նաև.Անկարան դժգոհ է ԵԽ որոշումից. «Այն հակասում է ժողովրդավարական արժեքներին և իրավաբանական ուժ չունի»