Բուհերում գիտխորհրդի դերը կմեծանա. Այն պատասխանատու կլինի ակադեմիական որակի համար

Բուհերում գիտխորհրդի դերը կմեծանա. Այն պատասխանատու կլինի ակադեմիական որակի համար

PanARMENIAN.Net - «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ նոր օրենքի նախագծի համաձայն ձևավորվելու է ինքնուրույն բուհական համակարգ: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, հայտնում է Aysor.am-ը:

«Փորձել ենք հնարավորինս նվազեցնել նախարարության դերակատարումը և ձևավորել ինքնուրույն բուհական համակարգ: Այս օրենքը ճանապարհ է բացում բուհում բոլոր տիպի կառավարման հետ առնչվող երկրորդական խնդիրները նախարարության վրայից բեռնաթափելուն», - նշել է Մկրտչյանը:

Նա նշել է, որ այս նպատակով բուհերում ներմուծվելու է երկու հիմնական հասկացություն՝ պրոֆեսիոնալ մենեջեր, որը ռեկտորն է լինելու, և գիտխորհուրդ:«Գիտխորհրդի դերակատարությունը մեծացրել ենք, այսինքն՝ իրենք պետք է կարողանան պատասխան տալ ամբողջ ակադեմիական որակի համար, իսկ ռեկտորի ֆունկցիան լինելու է ընդամենը կառավարման համակարգը», - նշել է նախարարը:

Անդրադառնալով պատահական մարդկանց մոտ ռեկտոր դառնալու ցանկություն առաջանալու մտավախությանը`Լևոն Մկրտչյանը պատասխանել է. «Նոր օրենքի նախագծի համաձայն, ռեկտորն է պատասխանատու ֆինանսական և կազմակերպչական խնդիրների համար, ուստի թող բուհը որոշի՝ ում է ընտրում որպես ռեկտոր»:

Նախարարը հավելել է նաև, որ Հայաստանի բուհերում ներմուծվելու է ՀՀ կառավարության ծրագրում ընդգրկված անձեռնամխելի ֆոնդերի գաղափարը: «Եթե հիշում եք, կառավարության ծրագրում ամրագրվեց անձեռնամխելի ֆոնդերի գաղափարը: Հիմա մենք փորձում ենք համալսարաններից պահանջել, որպեսզի ձևավորեն նման ֆոնդ: Եթե համալսարանը ճիշտ ձևաչափ ունի և հասարակությունը հարգում է այն, ապա բուհը ձևավորում է ֆոնդ, որը տալիս են տնօրինելու անկախ հաստատությանը, որի եկամուտներից հետագայում համալսարանը օգտվում է՝ իր նպատակաների համար», - նշել է նախարարը:

Լևոն Մկրտչյանը ընդգծել է, որ աշխարհում գրագետ և ֆինանսապես ճիշտ կառավարվող համալսարաններում ուսանողների վճարների բյուջեն լինում է համալսարանական ընդհանուր բյուջեի ոչ ավել, քան 30-40%, այնինչ Հայաստանում՝ պատկերն ամբողջովին այլ է:

«Այսօր մեր համալսարանները՝ բացառությամբ Հայաստանում աշխատող միջազգային համալսարանների՝ Ֆրանսիական, Ամերիկյան, Սլավոնական, մնացած բոլորը, ըստ էության, երկու ֆինանսավորման հենք ունեն. շատ փոքր քանակությամբ բյուջե՝ ոչ ավել քան 20%, իսկ ֆինանսավորման 80%՝ ուսանողների վճարից», - ասել է նախարարը:

Ըստ Գնահատման և թեստավորման կենտրոնի տվյալների՝ 2008-2016 թթ. միասնական քննություններին մասնակցության հայտ ներկայացրած դիմորդների թվի մասով, ընդհանուր առմամբ նվազման միտում է դիտվում՝ սկսած 2009-ից: 2014 թ. համեմատությամբ 2015 թ. հայտագրվածների թիվը նվազել է 467-ով (3.6%-ով), իսկ 2015-ի համեմատությամբ՝ 2016-ին՝ 455-ով (3.6%-ով):

Ընթերցեք նաև. ՀՀ շրջանավարտների կրթվածության անկումներն ու վերելքները

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---