Սփյուռքահայերը կմասնակցեն 2017-ի ԱԺ ընտրություններին՝ որպես դիտորդ 5 դեկտեմբերի 2016 - 11:50 AMT PanARMENIAN.Net - 2017-ի հայաստանյան խորհրդարանական ընտրությունների ժամանակ սփյուռքի ներկայացուցիչները դիտորդական առաքելություն կիրականացնեն: Այս մասին դեկտեմբերի 5-ին «Արդարություն Հայաստանում» նախաձեռնության վերաբերյալ քննարկման ժամանակ հայտնել է կանադահայ դերասանուհի և պրոդյուսեր Արսինե Խանջյանը: Նա մանրամասնել է, որ սփյուռքի և Հայաստանի հայտնի հայերի կողմից ստեղծված «Արդարություն Հայաստանում» նախաձեռնության ստորագրահավաքին արդեն իսկ հազարավոր հայեր են միացել: «Շատ համախոհ հայերի հետ ձեռնարկել ենք դիտորդական նախաձեռնություն, որի նպատակն է 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Հայաստան բերել սփյուռքի մեր հայրենակիցներին, թույլ տալ մասնակից լինել Հայաստանի քաղաքական գործընթացներին, սեփական ներդրումն ունենալ ավելի ժողովրդավարական, օրենքի երկիր կառուցելու գորրծում»,- «Սփյուռքի և ՀՀ հայտնի հայերը՝ հանուն ժողովրդավարության և թափանցիկ ընտրությունների. «Արդարություն Հայաստանում» նախաձեռնության առաջիկա քայլերը» թեմայով քննարկմանն ասել է Արսինե Խանջյանը, մեջբերում է Panorama.am-ը: Խանջյանը մանրամասնել է, որ Հայաստանում, սփյուռքում արդեն մի քանի կազմակերպված խումբ աշխատում է նախաձեռնության իրականացման ուղղությամբ, ստանում են հայտեր ամբողջ աշխարհի սփյուռքահայերից: «Նրանց կտրամադրվեն անհրաժեշտ գիտելիքներ Հայաստանում դիտորդական առաքելություն իրականցելու համար, կլինի հստակ ծրագիր, որը կհամակարգի նրանց գործունեությունը Հայաստանում»,- տեղեկացրել է բանախոսը: «Արդարություն Հայաստանում» նախաձեռնությանը հիմնական խումբը ձևավորված է սփյուռքում, Հայաստանում ճանաչված մշակութային գործիչներից, նաև հազարավոր հայեր են իրենց զորակցությունը հայտնել նախաձեռնությանը: Արսինե Խանջյանը նշում է՝ արդեն ժամանակն է, որպեսզի սփյուռքահայերը գործուն մասնակցություն ունենան հայաստանյան իրադարձություններին, օգտագործեն սփյուռքում ունեցած ռեսուրսները, կապերը: «Տարեցտարի մտահոգիչ են դառնում Հայաստանում գրանցված տնտեսական ցուցանիշները, քաղաքական անառողջ մթնոլորտը, մարդու իրավունքների ոտնահարումները, արդարադատության բացակայությունը, արտագաղթը: Այս ամենը մեծ մտահոգություններ են առաջացրել նաև սփյուռքում»,- ասել է նա: Քննարկմանը տեսակապի միջոցով մասնակցող ամերիկահայ ռոք երաժիշտ, երգահան, աշխարհահռչակ System of a Down խմբի հիմնադիր և մենակատարը Սերժ Թանկյանն էլ մտահոգիչ է համարել այն փաստը, որ «Արդարություն Հայաստանում» նախաձեռնությանը միացել է ընդամենը 4400 քաղաքացի: Aysor.am-ը գրում է՝ վերջինս ընդգծել է՝ այս թիվը պայմանավորված է նրանով, որ սփյուռքահայերը կտրված են Հայաստանի քաղաքական, սոցիալական, տնտեսական իրադարձություններից: «Մեզ համար շատ կարևոր է ստորագրողների հայ լինելը: Այս հանգամանքն արդեն նվազեցնում է ստորագրողների թիվը: Բացի այդ, սփյուռքահայությունը բավականին անջատված է Հայաստանի սոցիալական, տնտեսական, քաղաքական իրադարձություններից: Սա շատ կարևոր է մեզ համար` հասկանալ, որ Հայաստանն ու սփյուռքն ավելի շատ են անջատված, քան մենք պատկերացնում էինք», - ասել է նա՝ հավելելով, որ սփյուռքահայերը բավականաչափ պատկերացումներ չունեն Հայաստանի իրադարձությունների մասին: Թանկյանը նաև նշել է, որ ինքն էլ է որպես դիտորդ գալու Հայաստան: Հայաստանում Սփյուռքի դերակատարության հարցը բարձրացվեց 2016-ի սեպտեմբերին, երբ 20 հայտնի հայ՝ հիմնականում Սփյուռքից, հրապարակեցին «Արդարություն Հայաստանում» խորագրով դիմումագիր change.org կայքում՝ կոչ անելով Հայաստանի իշխանություններին արմատական փոփոխություններ իրականացնել երկրի քաղաքական, սոցիալական և տնտեսական քաղաքականության մեջ: Ստորագրահավաքի նախաձեռնողների թվում են Սերժ Թանկյանը, Ատոմ Էգոյանը, Արսինե Խանջյանը, Ալեքս Օհանյանը, Քրիս Բոհջալյանը, Հասմիկ Պապյանը և Սեպուհ Սիմոնյանը: Նրանք պահանջում են վերջ դնել «կոռուպցիային, մենաշնորհներին, դատական անհավասարությանը, ոստիկանության դաժանությանը, քաղաքական կողմնակալությանը, անհավասար իրավունքներին, արտագաղթին և ընտրակեղծիքներին»: Հղումներ թեմայով. Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |