30 հունվարի 2017 - 11:28 AMT
Սուրենյան․ Երևանում սպասվում է մինչև -25 աստիճան ցուրտ

Հունվարի 30-ին Լոռիում, Տավուշում կտեղա թույլ ձյուն, մյուս մարզերում էական տեղումներ չեն սպասվում: Այս մասին ֆեյսբուքյան գրառման միջոցով տեղեկացրել է «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

Նա նշել է, որ հունվարի 31-ի կեսօրից հետո հանրապետության տարածքին կմոտենա հաջորդ ցիկլոնը:

«Հունվարի 31-ին կեսօրից հետո հանրապետության բոլոր մարզերւմ կսկսվի ձյուն և կշարունակվի մինչև փետրվարի 1-ի երեկո: Առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ, լեռնային առանձին գոտիներում նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն:

Փետրվարի 2-ի գիշերվա առաջին կեսից տեղումները կդադարեն և փետրվարի 3-4-ին հանրապետության ողջ տարածքում կլինի պարզ առանց տեղումների եղանակ»,- գրել է նա:

Փետրավրի 2-ի լույս 3-ի գիշերը, Սուրենյանի խոսքով, եղանակի պարզեցմամբ և արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժմամբ պայմանավորված օդի ջերմաստիճնը կտրուկ կնվազի: Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային գոտիներում գիշերը հասնելով -25….-30, Լոռիում -22…-27, Տավուշում -15….-20, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում -17….-20, Սյունիքի հովիտներում -10…-15, Սյունիքի նախալեռներում -18…-23, Արցախում -12…-16, Արարատի և Արմավիրի մարզերում -20…-25, Երևանի բարձրադիր գոտում -16…-18, ցածրադիր գոտում -23…-25 աստիճանի:

Հունվարի 30-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փակ են Վարդենյաց լեռնանցքը, Արագածոտնի մարզի Թալինի միջհամայնքային ավտոճանապարհները, Արագածի տարածաշրջանի Միջնատուն, Շենկանի, Միրաք, Ապարանի տարածաշրջանի Վարդենիս, Չքնաղ, Ձորագլուխ, Թթուջուր գյուղերի, Ամասիա-Ցողամարգ ավտոճանապարհները, Ամասիայի և Աշոցքի բոլոր միջհամայնքային ճանապարհները: