30 հունվարի 2017 - 13:08 AMT
Կանադան ժամանակավոր ապաստան կտա ԱՄՆ մուտք գործելու իրավունքից զրկված ներգաղթյալներին

Կանադան ժամանակավոր ապաստան կտա այն անձանց, որոնք զրկվել են ԱՄՆ մուտք գործելու իրավունքից ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ներգաղթը սահմանափակող հրամանագրի պատճառով:

Ինչպես ասել է մամուլի ասուլիսում Կանադայի ներգաղթի գծով նախարար Ահմեդ Հուսսենը, նա չգիտի, թե որքան մարդ նման իրավունք կստանա, գրում է Lenta.ru-ն Reuters-ի վրա հղումով:

Կանադայի կառավարությունը, որը գլխավորում է վարչապետ Ջասթին Թրյուդոն, դեռ ձեռնպահ է մնում ԱՄՆ քննադատությունից: Սակայն, Կանադան շեշտում է, որ բաց է փախստականների համար: Մի շարք քաղաքական գործիչներ արդեն դատապարտել են Թրամփի այդ որոշումը:

Հունվարի 27-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով 120 օրով կասեցվում է փախստականների մուտքն ԱՄՆ, անորոշ ժամանակով կասեցվում Սիրիայից ժամանող փախստականների ընդունումը (որոշ բացառություններով սիրիացի քրիստոնյաների համար) և խստացվում են ԱՄՆ մուտք գործելու կանոնները: Բացի այդ, Թրամփն 90 օրով սահմանափակել է մուտքն ԱՄՆ առավելապես մահմեդական բնակչությամբ երկրների համար, որոնք, սակայն, չեն նշվում:Ավելի վաղ հայտարարվել էր, որ ցանկում ներառված են Իրանը, Իրաքը, Լիբիան, Սոմալին, Սուդանը, Սիրիան ու Եմենը:

Թրամփը հայտարարել է, որ Սիրիայի քաղաքացիների մուտքն ԱՄՆ որպես փախստականներ հակասում է ԱՄՆ շահերին: «Ես սառեցնում եմ սիրիացի փախստականների մուտքը մինչ այն ժամկետը, երբ կորոշեմ, որ զգալի փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք թույլ կտան ընդունել նրանց»,-աասվում է Թրամփի հրամանագրում:

Սակայն Թրամփի հրամանագրում սողանցք կա փախստականների քանակի ավելացման համար` դիմումները քննելիս նախապատվությունը կտրվի կրոնական փոքրամասնություններին, որոնք հետապնդումների են ենթարկվում: Թրամփը հայտարարել է, որ մտադիր է օգնել սիրիացի քրիստոնյաներին:

Թրամփը, մեկնաբանելով որոշումն, ասել է, որ այն ուղղված է ոչ թե մահմեդականների, այլ ահաբեկիչների դեմ: