Բելառուսի Գերագույն դատարանն ուժի մեջ է թողել Լապշինին Բաքվին արտահանձնելու որոշումը

Բելառուսի Գերագույն դատարանն ուժի մեջ է թողել Լապշինին Բաքվին արտահանձնելու որոշումը

PanARMENIAN.Net - Բելառուսի Գերագույն դատարանն ուժի մեջ է թողել Մինսկում ձերբակալված հայտնի ռուսաստանցի բլոգեր, ՌԴ և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու որոշումը:

Հայտնի ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը (Puerrtto) դեկտեմբերի կեսին ձերբակալվել է Մինսկում Ադրբեջանի հարցումով` Լեռնային Ղարաբաղ այցելելու համար: Լապշինը բազմիցս է այցելել ԼՀՂ և դեռ 2011-ին էր ընդգրկվել Բաքվի սև ցուցակում:

Այսպիսով Լապշինին Բաքվին արտահանձնելու որոշումը ուժի մեջ է մտել, քանի որ Բելառուսի Գերագույն դատարանը վերջին ատյանն էր, որտեղ կարելի էր բողոքարկել այդ երկրի Գլխավոր դատախազության որոշումը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Գերագույն դատարանը Լապշինի բողոքարկման դիմումը քննել է փակ ռեժիմով, նրա բացակայությամբ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մինսկում ձերբակալված բլոգեր Ալեքսանդր Լապշինի կինը դիմել է Բելառուսի իշխանություններին իր ամուսնուն լրացուցիչ պաշտպանություն շնորհելու խնդրանքով:

Մոսկվան դեմ է բլոգեր Անդրեյ Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու որոշմանը՝ պնդելով երրորդ երկրներին Ռուսաստանի քաղաքացիների արտահանձնման անթույլատրելիության հարցում: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան անթույլատրելի է համարում Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետության տարածքից Ռուսաստանի քաղաքացի, անկախ լրագրող Ալեքսանդր Լապշինի արտահանձնումն Ադրբեջանին:

Հունվարի 17-ին բելառուսական դատարանը որոշել է արտահանձնել Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին: Որոշման մեջ Լապշինի «հանցանքն» անսպասելիորեն միանգամայն այլ որակավորում էր ստացել. «Լապշինը մեղադրվում է անհայտ անձանց հետ նախնական պայմանավորվածությամբ հանցավոր կապի մեջ մտնելով, հանցախումբ ստեղծելու և 2011-ի ապրիլին և 2012-ի հոկտեմբերին առանց համապատասխան փաստաթղթերի, անցակետերը շրջանցելու ու Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու մեջ»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---