9 փետրվարի 2017 - 13:17 AMT
Թբիլիսին ողջունում է Աբխազիայի ու Հարավային Օսիայի տարածքով բեռնափոխադրումները վերսկսելու հեռանկարը

Վրաց-ռուսական սահմանին ապրանքաշրջանառության դիտարկման մասին պայմանագրի իրագործման վերաբերյալ Պրահայում կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը դրական է ընկալվել Վրաստանում:

Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն և ՌԴ ԱԳՆ փոխղեկավար Գրիգորի Կարասինը Պրահայում տեղի ունեցած հերթական աշխատանքային հանդիպման ժամանակ պայմանավորվել են արագացնել դեռևս 2011-ին կնքված վրաց-ռուսական սահմանին ապրանքաշրջանառության դիտարկման մասին պայմանագրի իրագործումը:

Պայմանագիրը թույլ է տալիս կողմերին առևտուր անել և զարգացնել տրանսպորտային հաղորդակցությունն Աբխազիայի և Հարավային Օսեթիայի տարածքով` չանդրադառնալով դրանց կարգավիճակին: Դա թույլ կտա գործարկել Հարավային Օսեթիայով անցնող ավտոմայրուղին, ինչը հատկապես կարևոր է Հայաստանի համար:

Այդպիսի համակարգը թույլ կտա կողմերին խուսափել սահմանին բեռների մաքսային ձևակերպման նուրբ հարցից:

«Կարասինը հաստատել է, որ ռուսական կողմը սկզբունքային որոշում է կայացրել արագացնելու այդ պայմանագիրը կյանքի կոչելու աշխատանքները»,-հայտարարել է Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն «Ռուսթավի-2» հեռուստաալիքի եթերում:

Նա նշել է, որ պետք է սպասել շվեյցարացի գործընկերների այցին, որոնց հետ քննարկվելու են համաձայնագրի մանրամասները, որից հետո արդեն հնարավոր կլինի անցնել պայմանագրի իրագործմանը, գրում է «Գրուզիա օնլայնը»:

Շվեյցարական SGS ընկերության ներկայացուցիչները Թբիլիսի կժամանեն մարտին»,-ասել է Աբաշիձեն: Նա հավելել է, որ անձամբ իր տպավորությամբ «ռուսական կողմը հակված է արագ կյանքի կոչելու այդ պայմանագիրը»:

«Փաստ է, որ փաստաթուղթը պետք է կյանքի կոչվի»,-հայտարարել է Վրաստանի փոխխոսնակ Գեորգի Վոլսկին: «Եթե մենք ապագայում մտադիր ենք սերտ հարաբերություններ հաստատել աբխազների և օսերի հետ, կան իրական հարցեր, որոնք պետք է քննարկել, և ոչ միայն ռուսական կողմի հետ»,-ասել է նա:

Պրահայում խոսվել է նաև Վերին Լարսի մերձակա ուղիների արդիականացման մասին, «որպեսզի ռուս-վրացական ուղղությամբ հնարավոր լինի ավելացնել բեռնատար ու ուղևորատար մեքենաների հոսքը»: Նա հավելել է. «Մենք պատրաստ ենք գնալ որոշակի ծախսերի»:

Իր հերթին ընդդիմադիր «Ազգային շարժում» խմբակցության փոխնախագահ Սալոմե Սամադաշվիլին կարծում է, որ իշխող «Վրացական երազանքը» գրեթե 5 տարի է կորցրել: «Այս իշխանությունները սկսել են աշխատել պայմանագրի իրագործման վրա միայն այն ժամանակ, երբ եվրոպացի գործընկերները սկսեցին ճնշում գործադրել»:

Վերոնշյալ պայմանագիրը ձևակերպվել է ԱՀԿ-ին ՌԴ-ի անդամակցության բարդ շրջանում, երբ Օբամայի հետ հանդիպումից հետո Վրաստանի այն ժամանակվա նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հանեց ՌԴ-ի անդամակցության վետոն այն պայմանով, որ Աբխազիայով և Հարավային Օսեթիայով կանցնեն ՌԴ-ից դեպի Վրաստան առևտրային միջանցքները, իսկ կողմերը միջազգային միջնորդներ կհրավիրեն հսկելու համար բեռնափոխադրումների հոսքն ու մակնշումը: