ՀՀ-ն կկարողանա կապվել ՌԴ հետ Աբխազիայով և Հվ. Օսեթիայով անցնող տրանսպորտային միջանցքներով

ՀՀ-ն կկարողանա կապվել ՌԴ հետ Աբխազիայով և Հվ. Օսեթիայով անցնող տրանսպորտային միջանցքներով

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի և Վրաստանի վարչապետի Մոսկվայի հետ կապերի գծով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի Պրահայում կայացած հանդիպումն ավարտվել է կարևոր առաջխաղացմամբ: Որոշվել է կյանքի կոչել «Առևտրային միջանցքների մասին» պայմանագիրը, որը ստորագրվել է դեռևս 2011-ին: Այն թույլ է տալիս կողմերին առևտուր անել և զարգացնել տրանսպորտային հաղորդակցությունն Աբխազիայի և Հարավային Օսեթիայի տարածքով` չանդրադառնալով դրանց կարգավիճակին: Գրիգորի Կարասինը հայտարարել է, որ «դա լուրջ առաջընթաց է գործնական ոլորտում», գրում է «Կոմերսանտը»:

«Մենք որոշել ենք Կարասինի հետ առաջ շարժվել փոքր քայլերով»,-պարզաբանել է Աբաշիձեն հանդիպման ավարտին:

Վերոնշյալ պայմանագիրը ձևակերպվել է ԱՀԿ-ին ՌԴ-ի անդամակցության բարդ շրջանում, երբ Օբամայի հետ հանդիպումից հետո Վրաստանի այն ժամանակվա նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հանեց ՌԴ-ի անդամակցության վետոն այն պայմանով, որ Աբխազիայով և Հարավային Օսեթիայով կանցնեն ՌԴ-ից դեպի Վրաստան առևտրային միջանցքները, իսկ կողմերը միջազգային միջնորդներ կհրավիրեն հսկելու համար բեռնափոխադրումների հոսքն ու մակնշումը:

Այդպիսի համակարգը թույլ կտա կողմերին խուսափել սահմանին բեռների մաքսային ձևակերպման նուրբ հարցից, ինչպես նաև գործարկել Հարավային Օսեթիայով անցնող ավտոմայրուղին, ինչը հատկապես կարևոր է Հայաստանի համար:

Ըստ Մոսկվայի և Թբիլիսիի պայմանավորվածության, մաքսակետերի օպերատորի դերը կստանձնի շվեյցարական SGS ընկերությունը: Շվեյցարիայի իշխանությունների ներկայացուցիչները կայցելեն Մոսկվա և Թբիլիսի մարտի վերջում` քննարկելու համար դեռ չլուծված հարցերը: Երբ որոշվի մաքսակետերի տեղակայման վայրը, ՌԴ-ն ու Վրաստանը պատրաստ կլինեն ստորագրել համաձայնագիրը SGS-ի հետ:

Կարասինը նշել է, որ Պրահայում խոսվել է նաև Վերին Լարսի մերձակա ուղիների արդիականացման մասին, «որպեսզի ռուս-վրացական ուղղությամբ հնարավոր լինի ավելացնել բեռնատար ու ուղևորատար մեքենաների հոսքը»: Նա հավելել է. «Մենք պատրաստ ենք գնալ որոշակի ծախսերի»:

Կարասինն ասել է, որ համաձայնագրում շահագրգռված են ոչ միայն ՌԴ-ն ու Վրաստանը, այլ նաև Հայաստանը: «Հենց որ լուծենք բոլոր մնացած հարցերը, անհապաղ կսկսենք իրականացնել դա: Մնում է անել վերջին, ամենադժվար քայլը»,-ասել է նա:

Երկաթուղային հաղորդակցությունը Վրաստանի ու Ռուսաստանի միջև աբխազական երկաթուղով կասեցվել է Աբխազիայում պատերազմի ժամանակ 1992-ին: Խորհրդային շրջանում աբխազական երկաթուղով անցնում էր մոտ 14 ուղևորատար 24 զույգ գնացք: Երթևեկության վերսկսումը կնպաստի Հայաստանի շրջափակման մասնակի դադարեցմանը և ավելի դյուրին կդարձնի Հայաստանի կապն արտաքին աշխարհի հետ:

 Ուշագրավ
ՀՀ-ն խորհրդում կաշխատի 2020-2022 թվականներին։
Վրաստանի վարչապետը կայցելի նաև Ծիծեռնակաբերդի հուհաշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱԳՆ-ում նշում են՝ ռազմական ներխուժումը ստեղծում է նաև ինքնության հիմքով մարդու իրավունքների ծանր և զանգվածային խախտումների անմիջական վտանգ
Թուրքական զորքերը Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններ են սկսել