10 փետրվարի 2017 - 12:54 AMT
ԼՂՀ ՊՆ. Ղարաբաղյան ԶՈւ տրանսպորտային միջոցի ոչնչացման մասին ադրբեջանական լուրերը սուտ են

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը փետրվարի 10-ին հերթական ապատեղեկատվությունն է տարածել, թե իբր փետրվարի 9-ի երեկոյան ոչնչացվել է ղարաբաղյան զինված ուժերին պատկանող տրանսպորտային միջոց՝ իր անձնակազմով: Այս մասին հաղորդում է ԼՂՀ ՊՆ-ն՝ հայտարարելով, որ նշված հաղորդագրությունն իրականության հետ ոչ մի կապ չունի:

«Ավելին, ամենայն հավանականությամբ, հակառակորդի զինված ուժերում ոչ կանոնադրային փոխհարաբերությունների արդյունքում հերթական կորուստն է գրանցվել և, նմանաբովանդակ հաղորդագրություն տարածելով, ադրբեջանական քարոզչությունը փորձում է այն բարդել ղարաբաղյան կողմի վրա»,- նշվում է հաղորդագրության տեքստում:

Ավելի վաղ հաղորդվել է, որ փետրվարի 9-ին և լույս 10-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի պահպանաման ռեժիմի խախտումների աճ: Նշված ժամանակահատվածում հակառակորդը 60 և 82 միլիմետրանոց ականանետերից, տարբեր տիպի նռնականետերից ու հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 70 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1000 կրակոց: