Փետրվարի 11-ը Սբ Սարգիս զորավարի հիշատակության օրն է

Փետրվարի 11-ը Սբ Սարգիս զորավարի հիշատակության օրն է

PanARMENIAN.Net - Հայաստանյան Առաքելական եկեղեցին փետրվարի 11-ին նշում է Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օրը: Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Սբ Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր:

Qahana.am-ը գրում է, որ Սբ Սարգիս զորավարն ամենասիրված սրբերից է: Իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նա նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Արիության համար Սբ Սարգիսը Մեծն Կոստանդիանոս կասյեր (285-337) կողմից կարգվում է իշխան և սպարապետ` Հայաստանին սահմանակից Կապադովկիայում: Նա ոչ միայն գերազանց սպարապետ էր, այլև հիանալի քարոզիչ: Օգտվելով կայսեր հոժարությունից` իր իշխանության տակ գտնվող քաղաքներում քանդում է մեհյաններ, կառուցում եկեղեցիներ, տարածում քրիստոնեությունը: Երբ Հուլիանոս Ուրացողի թագավորության օրոք (360-363) սկսվում են Քրիստոսի եկեղեցու հալածանքները, Սբ Սարգիսը, աստվածային հայտնությամբ հրաման առնելով հեռանալ կայսրության սահմաններից, իր որդի Մարտիրոսի հետ գալիս, ապաստանում է քրիստոնյա Հայաստանում, ուր թագավորում էր Տիրան արքան` Մեծն Տրդատի թոռը` Խոսրովի որդին:

Տեղեկանալով, որ Հուլիանոսը մեծ զորքով շարժվում է Պարսկաստանի վրա, Հայոց արքան, ձգտելով իր երկիրը զերծ պահել հարձակման վտանգից, հորդորում է Սարգսին ծառայության անցնել Շապուհի մոտ: Շապուհը սիրով ընդունում է Սբ Սարգսին և նշանակում նրան զորագնդերի հրամանատար: Զորականներից շատերը, տեսնելով փայլուն զորավարի բարեպաշտությունն ու վարքով վկայած նվիրումն առ Աստված, իր աղոթքներով Տիրոջ գործած հրաշքները, հրաժարվում էին հեթանոսությունից և դառնում քրիստոնյա: Սակայն Շապուհը պահանջում է նրանից պաշտել կրակը և զոհ մատուցել:

Զորավարն անմիջապես մերժում է այն` ասելով. «Երկրպագելի է մեկ Աստված` Ամենասուրբ Երրորդությունը, ով ստեղծել է երկինքն ու երկիրը: Իսկ կրակը կամ կուռքերը ի բնե աստվածներ չեն, հողեղեն մարդը դրանք կարող է փչացնել»: Այդ խոսքերից հետո Սբ Սարգիսը կործանում է բագինը: Զայրացած ամբոխը հարձակվում է Սբ Սարգսի և նրա որդու վրա: Առաջինը նահատակության պսակն ընդունում է նրա որդին` Մարտիրոսը: Սբ Սարգիսը բանտարկվում է և աներեր մնալով իր հավատքի մեջ` գլխատվում: Նահատակվելուց հետո Սբ Սարգսի մարմնի վրա լույս է ծագում: Քրիստոնեական հավատքի համար նահատակվում են նաև Սբ Սարգսին հավատարիմ տասնչորս զինվորները: Հավատացյալները նահատակների մարմիններն ամփոփում են Համիան քաղաքում:

Սբ Սարգիսը հայոց մեջ ամենասիրված սրբերից է և պատահական չէ, որ Սբ Մեսրոպ Մաշտոց վարդապետը նրա մասունքները բերում է Ուշի (Աշտարակի շրջան)՝ տեղում կառուցելով նրա անունը կրող եկեղեցի:

Տոնի օրը ՍբՍարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Սբ Պատարագ, որից հետո կատարվում երիտասարդների օրհնության կարգ:

Ավելի վաղ հաղորդվել է, որ տոնի առթիվՀանրապետության ստեղծագործական խմբերի մասնակցությամբ համերգային ծրագրեր կիրականացվեն մայրաքաղաքի 6 բացօթյա հարթակում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---