2 մարտի 2017 - 11:09 AMT
ՄԻՊ ներկայացուցիչներն ամեն օր կայցելեն Արթուր Սարգսյանին

2017 թվականի մարտի 1-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող՝ հացադուլ հայտարարած Արթուր Սարգսյանին (նա 21 օր հացադուլի մեջ է, - խմբ.)։

Տեղի է ունեցել առանձնազրույց նրա հետ, ուսումնասիրվել են Սարգսյանի առողջական վիճակը, համապատասխան բժշկական փաստաթղթերն ու պահման պայմանները:

Արձանագրվել է, որ Սարգսյանը հրաժարվում է բուժօգնությունից։ Պետական մարմինների կողմից Սարգսյանի առողջական վիճակի ապահովման արդյունավետ վերահսկման նպատակով այսուհետ նրան այցերը կկրեն ամենօրյա բնույթ, տեղեկանում է ՀՀ ՄԻՊ աշխատակազմը։

Այդ այցերն իրականացվելու են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության իրավաբանի և բժշկի կողմից:

Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արդեն իսկ գրություններ են ուղարկվել իրավասու մարմիններին՝ կապված Սարգսյանի և նրա փաստաբանի՝ կալանքին առնչվող պնդումների ու առողջական վիճակի ապահովման հետ։

Արթուր Սարգսյանը հուլիսի 26-ին՝ ճեղքելով ոստիկանական պատնեշները սեփական մեքենայով սնունդ էր հացրել ՊՊԾ գնդի զավթած տարանք և միացել «Սասնա ծռերին»: 2017-ի փետրվարի 9-ին դատարանը որոշել է կրկին փոխել Արթուր Սարգսյանի խափանման միջոցը՝ երկու ամսով կալանավորելով նրան:

Նա այժմ մեղադրվում է զինված խմբի անդամներին օժանդակելու մեջ: Մինչև այդ Սարգսյանը մեղադրվում էր պատանդ վերցնելու, շենք, շինություններ զավթելու և ապօրինի զենք կրելու համար, ինչպես և խմբի մյուս անդամները։

Կարդացեք նաև՝ Թաթոյան. Արթուր Սարգսյանի առողջության պահպանումը մեզ համար առաջնային է