31 մարտի 2017 - 09:46 AMT
Ազատություն, փոփոխություն ու անզիջում պայքար. ՀՅԴ հանրահավաքը

Միայն ազատ քաղաքացին կարող է ուժեղ, ազատ երկիր ունենալ, արժանավայել կյանքով ապրել: Մարտի 30-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած ՀՅԴ քարոզարշավի եզրափակիչ հանրահավաքի ժամանակ նման տեսակետ է հայտնել ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը:

«Այսօր Դաշնակցությունը ճիշտ իր տեղում է՝ մեր ժողովրդի Ազատության հրապարակում: Մեր դրոշին, որ մեր պատիվն է, գրված է՝ Ազատություն»,- ասել է նա ու շեշտել, որ իրենք այստեղ են՝ պաշտպանելու յուրաքանչյուր հայ մարդու ազատ ապրելու, ազատ ընտրություն կատարելու իրավունքը.

«Այդ իրավունքի վրա բռնացողները, սակարկության առարկա դարձնողները մեր տեսակի, հայ ինքնության հետ կապ չունեն: Քաղաքական ուժի չափանիշը փողը կամ իշխանական լծակները չեն: Իրական քաղաքական ուժի հատկանիշը կենսագրությունն է, սկզբունքայնությունը, ինքնուրույնությունը, հավատարմությունը նպատակներին, ինչպես նաև հետևողական աշխատանքը՝ իր երկրի ու ժողովրդի ապագայի հանդեպ վստահ լավատեսությամբ աշխատանքը»,- մեջբերում է Panorama.am-ը:

Նա նշել է, որ չարությամբ, ատելությամբ, հուսահատությամբ ոչ մի գործ չի արվում:

«Հիմա ընտրություն է: Մեզ համար՝ նոր սկզբի, արդար Հայաստանի ընտրություն: Արդարությունը հիմքերի հիմքն է՝ հայ տեսակի բնույթը, էությունը: Միայն արդարությամբ խաղաղ, անվտանգ, զարգացող, ուժեղ, բարեկեցիկ, ազատ Հայաստան կունենանք: Այդպիսի Հայաստան մենք ստեղծելու ենք: Ստեղծելու ենք՝ հավատալով հայ մարդուն, հավատալով Հայաստանին, գործելով պատասխանատվությամբ: Մե՛ր կամքով, մե՛ր վճռականությամբ, ծառայությամբ: Ազգային-պետական մտածողություն ունեցող, մեր այս վիճակով մտահոգ, գիտակից, ինքն իրեն հարգող, երիտասարդ, հոգում հայրենիք ունեցող մեր քաղաքացիներին ապավինած, նրանց կողքին կանգնելով»,- նշել է Աղվան Վարդանյանը՝ հավելելով, որ թե սուտ է, թե նրանք քիչ են և ավելացրել. «Փողատերերի, իշխանությամբ նվաստացնողների, ամբոխավարությամբ խաբել փորձողների պատկերացումով են նրանք քիչ: Մեզ համար՝ Դաշնակցության համար մեր ժողովրդի բացարձակ գերակշիռ մասը հենց այդպիսին է»:

Ուստի, ըստ նրա, իրենց խնդիրն է այդ հարյուր հազարներին իրենց արժանի իշխանությունը տան: Դրա համար, ինչպես նշեց Աղվան Վարդանյանը, մտածողության, հոգեբանության փոփոխություն է պետք, որ արդեն սկսել են:

«Ուրիշներն ասում են՝ գալու ենք փոփոխություն անենք, մենք արդեն անում ենք այդ փոփոխությունը: Կա դրված նպատակ, գծված են ուղղությունները, առաջին արդյունքները նկատելի են: Ով կհավատա, կմասնակցի, մի քար կդնի, նա կմոտեցնի իր, իր ընտանիքի, իր երկրի բարեկեցությունը, իրականություն կդարձնի համերաշխ հասարակություն ունենալու բոլորիս երազանքը»,- հայտարարել է Վարդանյանը՝ հավելելով, որ կարևորը ազատ կամքով կատարված ընտրությունն է և այդպիսի ընտրությամբ է մեր երկրում, մեր մեջ որակ փոխվելու:

«Դաշնակցությունը, լինելով հստակ գաղափարների տեր քաղաքական ուժ, իր ընտրողներին չի համարում սոսկ իր ընտրազանգվածը, այլ իր համակիրները, որովհետև մենք ինչ արել ենք, իրար համոզելով ենք արել, իրար հետ համաձայնեցրած ենք արել»,- իր հերթին ասել է Դաշնակցության համապետական ցանկը գլխավորող, ՀՅԴ բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Նա նշել է, որ հասել են ընտրապայքարի եզրագծին՝ խոստումները կատարածի և սկսածը շարունակողի վճռականությամբ:

«Մենք համոզված ենք, որ ապրիլի 2-ը նոր ժամանակաշրջանի սկիզբն է ազդարարելու: Տարիներ ի վեր ՀՅԴ-ն լինի իշխանության մեջ, թե դրսում համառ ու անզիջում պայքար է մղել, որ պատմական այս շրջադարձը կատարելու հնարավորությունն ընձեռվի մեր ժողովրդին, վերացվեն մեր առաջընթացը կաշկանդող ու խափանող խոչընդոտներն ու արգելքները, ստեղծվեն երկրի զարգացումը խթանող անհրաժեշտ պայմաններ ու միջոցներ», - ասել է Արմեն Ռուստամյանը:

Նրա խոսքերով՝ երկրի թռիչքաձև զարգացման և ժողովրդի մեջ կուտակված արդարացի դժգոհության վերացման համար ստեղծվել են բոլոր անհրաժեշտ նախադրյալները:

Անդրադառնալով այն ուժերին, որոնք հայտարարում են, որ առանց հանուն խաղաղության Ադրբեջանին գոհացնող զիջումների գնալու՝ մենք ապագա չունենք, Արմեն Ռուստմայանը նշեց, որ նման հայտարարություններով ոչ միայն արհամարհում են հայ ժողովրդին, այլև արդարացնելով կուտակված խնդիրների գոյությունը՝ բացառում են դրանց լուծումը՝ անվերջ գուժելով Հայաստանի ու Արցախի անխուսափելի կործանման մասին:

«Դաշնակցությունը վստահ է, որ հենց այսպիսի ապազգային գաղափարախոսությունը և ապաշնորհ ու միահեծան կառավարումն են ջլատել մեր ուժերը, բերել երրորդ հանրապետության ժամանակաշրջանում արձանագրված ձախողումներն ու կորուստները: Հասել է ժամանակը սրբագրելու և վերացնելու այս ընթացքում կատարված սխալներն ու դրանց ծանր հետևանքները: Սրան է կոչված ծառայելու Դաշնակցության հռչակած նոր սկիզբը: Նոր սկիզբը Դաշնակցության անմիջական մասնակցությամբ նոր շունչ է բերելու Հայաստան, հայ մարդն ապրելու է ազատ ու ապահով, Հայաստանը լինելու է արդար, հզոր ու զարգացող, հայությունը լինելու է հայաստանակենտրոն, համերաշխ ու միասնական»,- հայտարարել է նա:

Ավելի վաղ ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հարցազրույցներից մեկում հայտարարել էր. «Եթե կամավոր չտանք, մի օր սանկցիաներով են այդ հողերը տանելու: Հայաստանն այն երկի՞րն է, որ կարող է ձենռոց նետել միջազգային հանրությանը: Սադամն ու Միլոշևիչը չկարողացան, մե՞նք ենք կարողանալու: Ծնկի՞ ենք բերելու ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին, ԱՄՆ-ին, Ռուսաստանին, Ֆրանսիային: Չեն կարողանալու պահել այդ տարածքները, անգամ եթե Բաքուն գրավեն: Սադամը գնաց, Քուվեյթը գրավեց, հիմա ոչ Սադամը կա, ոչ Իրաքը: Կործանեցին երկիրը, և հայտնի չէ, քանի տարի կպահանջվի, մինչև Իրաքը երկիր դառնա: Ով ասաց «ոչ մի թիզ հող», նա է այս ազգի գերեզմանափորը, այս ազգը կործանողը: Դա տեսել ենք մի անգամ, այդպիսի հայրենասերների: Հող չտվեցին, տարածք չտվեցին, ամբողջ երկիրը տվեցին»: