31 մարտի 2017 - 15:49 AMT
Թանկյանը՝ դիտորդ լինելու մասին. «Ձեր ընտրություններն են, իսկ մենք փորձում ենք Ձեր մեջքին կանգնել»

Ապրիլի 2-ին կայանալիք ԱԺ ընտրություններին դիտորդական առաքելությամբ մասնակցող սփյուռքահայ դիտորդների նպատակն է աջակցել ՀՀ ընտրողներին: Այս մասին Երևանում ասաց System of a Down հռչակավոր ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը ժամանել է Հայաստան։

Ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը, կանադահայ դերասանուհի և պրոդյուսեր Արսինե Խանջյանը, կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը, ամերիկահայ կինոռեժիսոր և սցենարիստ Էրիկ Նազարյանը Հայաստանում են: Նրանք մասնակցելու են ապրիլի 2-ի ընտրություններին որպես դիտորդներ:

«Մեզ համար մեծ պատիվ է մասնակցել ընտրություններին որպես դիտորդ, կարևոր է բոլորի մասնակցությունը:

Այս քայլը հատկապես կարևորություն է ստացել «Սասնա ծռերի» հետ կապված դեպքերից հետո, երբ պարզ դարձավ, որ սա անարդարությունների դեմ պայքարի ձևերից մեկը կարող է լինել: Տարիներով շարունակվող անարդարությունն ու հանրության կողմից անտարբերությունը պետք է դադարեցվի», - ասաց Թանկյանը:

Նրա խոսքով, ընտրություններին որպես դիտորդ մասնակցելը սփյուռքի ամենացածր մասնակցությունն է Հայաստանի ներքաղաքական կյանքում, բայց կարևորություն ունի:

«Սա Ձեր ընտրություններն են, իսկ մենք փորձում ենք ձեր մեջքին կանգնել և աջակցել», - շեշտեց Թանկյանը:

Դերասանուհի Արսինե Խանջյանը, իր հերթին, նշեց, որ իրենց նպատակն է սփյուռքի ներկայացուցիչների անհատական մասնակցությունն ընտրական գործընթացին:

«Հայաստանի և սփյուռքի քաղաքացիները հեշտ հարաբերություններ չունեն, բոլորս որոշեցինք, որ ժամանակն է նոր մոտեցումով առաջնորդվել: Մեզանից շատերը չունեն ՀՀ քաղաքացիություն և ընտրելու իրավունք չունեն, սակայն մենք կարող ենք որպես դիտորդ մասնակցել: Դա անհատական, քաղաքացիական մասնակցություն է», - ասաց Խանջյանը:

Կարդացեք նաև՝ Սերժ Թանկյանը՝ ակտիվիստ. SOAD մենակատարը՝ իշխանության հիերարխիայի, կոռուպցիայի ու Արցախի մասին