Սերժ Թանկյանը՝  ակտիվիստ

Սերժ Թանկյանը՝ ակտիվիստ

SOAD մենակատարը՝ իշխանության հիերարխիայի, կոռուպցիայի ու Արցախի մասին

System of a Down հռչակավոր ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը ժամանել է Հայաստան։ Նա, որպես անկախ դիտորդ, վերահսկելու է խորհրդարանական ընտրությունները: PanARMENIAN.Net-ը հավաքել է վերջին տարում Թանկյանի կողմից հնչեցրած մտքերն ու դիրքորոշումներն արդիական խնդիրների և թեմաների մասով:

PanARMENIAN.Net - Թանկյանի ընդհանուր թեզն է. Մենք` որպես Հայաստանում և սփյուռքում բնակվող հայեր, հավաքականորեն հավատարիմ ենք Հայաստանում անհապաղ փոփոխություն և արդարություն հաստատելու գործին: Նկատի ունենալով 2016-ի գարնանը և ամռանը տեղի ունեցած ցնցումները և բողոքի ակցիաները, որոնք հանգեցրին մարդու և քաղաքացիական իրավունքների կոպիտ խախտումների` մենք ոչ ենք ասում համակարգված կոռուպցիային, դատական անհավասարությանը, ոստիկանության դաժանությանը, քաղաքական կողմնակալությանը:

Ընտրական գործընթացների մասին

Նրանք համաձայնել են հրապարակել ընտրողների ցուցակները, սակայն շատ ավելին է պետք անել, օրինակ՝ տեղադրել տեսախցիկներ և դյուրացնել տեղում դիտարկումը։ Նաև պետք է մարդկանց ապացուցեն, որ արդարությանը լուրջ են վերաբերվում՝ դատարաններում ապահովելով իրական արդարադատություն և ստեղծելով տնտեսական պայմաններ արտագաղթի ներկայիս ընթացքը շրջելու համար: Իսկ մենք պետք է լինենք այնտեղ՝ ընտրատեղամասերում, քաղաքացիական միջոցառումներին և փողոցներում, որ եթե և երբ հարկավոր լինի, գործենք հանուն խաղաղ, կառուցողական փոփոխության։

Մենք քաջալերում ենք անկախ դիտորդների ներկայությունն ընտրատեղամասերում՝ որպես ձեր քվեարկության աչքերն ու ականջները:

Հայաստանում բարեփոխումներ իրագործելու մասին

Հայաստանի իշխանություններին պետք է ստիպենք բարեփոխումներ անել: Մենք բոլորս պետք է անենք ինչ կարող ենք, որպեսզի Հայաստանի իշխանություններին ստիպենք անել այն փոփոխությունները, որոնք անհրաժեշտ են Հայաստանի քաղաքացիների համար հավասարություն ապահովելու գործում։ Ես իսկապես կարծում եմ, որ ժողովրդի կամքը վերջիվերջո հաղթելու է, որովհետև անհնար է երկար իշխել՝ չհետևելով ժողովրդի կամքին։

Մեր՝ արվեստագետներիս մոտեցումները ոգեշնչելու վրա են հիմնված, ոգեշնչելու, որ փոփոխությունը հնարավոր է։

Մեր խնդիրն է աշխատել քաղաքացիական հասարակության հետ, փորձել բացել այդ դռները։ Եթե մենք կարողանանք գոնե մի փոքր փոփոխության հասնել, ասում եմ մենք՝ նկատի ունենալով քաղաքացիական հասարակությանը և սփյուռքի քաղաքացիական հասարակությանը, երկարաժամկետ հատվածում դա շատ կարևոր կլինի:

Իշխանության մասին

Մի բան պարզ է` քաղաքակրթությունն այն տեսքով, որ գոյություն ունի, սպառել է իրեն: Չափազանց կարևոր է հասկանալ, թե ինչպես կարելի է ձերբազատվել միմյանց հանդեպ բռնությունից: Հայաստանում թեև հետխորհրդային համակարգը էվոլյուցիա է ապրել, սակայն յուրատեսակ ձևով ձգտում է իշխանության պահպանման։ Հայաստանում անհրաժեշտ է որոշել, թե ինչպես պետք է դուրս գալ հետխորհրդային կոռումպացված հիերարխիայից, որը ղեկավարում և քանդում է երկիրը անկախացման օրվանից:

«Սասնա ծռեր» խմբի գործողության մասին

Չավարտվող համակարգային կոռուպցիան՝ ներառյալ ենթադրյալ կոռուպցիան ԼՂ պաշտպանական ուժերում, դատական անհավասարությունը, ոստիկանական բռնությունները, կեղծված ընտրությունները, օտարերկրյա միջամտությունը, տնտեսական խնդիրներն ու արտագաղթն առաջացրել է ժողովրդի վրդովմունքն իշխանության դեմ:

Կարծում եմ՝ «Սասնա ծռերի» իրադարձությունները ցուցադրեցին մարդկանց դժգոհությունը: Իշխանությունները հասկացան, որ զայրույթի մակարդակը կարող է բարձրանալ և որոշ փոփոխություններ են անում։ Սակայն կարծում եմ՝ նրանք վստահ են, որ վերահսկում են վիճակը և իրական փոփոխություններ չեն անելու, եթե մենք բոլորս շարունակական ճնշում չգործադրենք։

Բոլորս միակամ ենք, որ չլինի արյունահեղություն, չլինի ծայրահեղ արձագանք մեր փոքր, խոցելի երկրում, ուստի մենք միավորվել ենք և սկսել ենք սրա մասին մտածել։

Կառավարությունում փոփոխությունների մասին

Ժամանակը ցույց կտա, թե արդյոք կառավարության նոր անդամները փոփոխություններ կբերեն։ Խնդիրն այն է, որ առնվազն փոփոխություն է արվում ճնշումը մեղմելու համար։ Դա նշանակում է, որ ճնշումն ուժեղ է, և իշխանությունները գիտեն այդ մասին։

ԼՂ հիմնախնդրի մասին

Քանի դեռ Լեռնային Ղարաբաղի հարցով չկա տևական խաղաղության համաձայնագիր, Հայաստանն ու Ադրբեջանը ռազմական ու ֆինանսական առումով սահմանափակված են լինելու և ընկղմվելու են խորը քաղաքական կոռուպցիայի մեջ, այդ պատճառով էլ կախված են լինելու այս կամ այն գերտերությունից:

Արցախի ժողովրդի մասին

Տարիներ առաջ եղել եմ Արցախում: Այնտեղ ապրող մարդիկ գթասիրտ են, մեծահոգի, բարի և արժանի են խաղաղության ու բարգավաճման, ինչպես բոլորս:

Հայաստանում Ռուսաստանի դերի մասին

Հայաստանն ու Ռուսաստանն իրար պետք է վերաբերվեն որպես հարևաններ, ոչ թե որպես հաճախորդ և գերտերություն։ Ռուսաստանի հետ բաց հարաբերությունները պահպանելով՝ Հայաստանի համար սխալ չէ բացել հարաբերությունները Եվրոպայի և Արևմուտքի հետ։

Սփյուռքի դերակատարության մասին՝ իրավիճակի բարելավման գործում

Սփյուռքը Հայաստանի համար մշտապես եղել է տնտեսական խթանի և ներդրումների անհավանական աղբյուր, բայց երկրի ներսում քաղաքական ազդեցության աղբյուր չունեն: Կարծում եմ՝ ժամանակն է, որ աշխարհասփյուռ հայերը ավելի անմիջականորեն կապվեն իրենց հայրենիքի հետ և Հայաստանի ժողովրդի համար ձգտեն դառնալ արժեքավոր քաղաքական ակտիվ։

Թուրքիայի նախագահի մասին

Ինչպես հասկանում եմ` Ռեջեփ Էրդողանը պատմություն չի կարդացել: Լեռնային Ղարաբաղի իրական պատմական տերերը հայերն են: Ստալինն է տվել Ղարաբաղը Ադրբեջանին: Արևելյան Թուրքիան մի օր կվերադարձվի իր օրինական տերերին: Այդ տղան`Էրդողանը, այնքան հիմար է, որ նա, ով կանգնում է նրա կողքին կամ աջակցում է նրան, ևս հիմարի տեսք է ստանում:

Հրապարակում համերգի մասին

Զարմանալի հույս, եռանդ, էներգիա տեսանք, Հայաստանի ապագան տեսանք մարդկանց դեմքերին։ Ես վստահ եմ, որ Հայաստանը պայծառ ապագա ունի, ես համոզված եմ, որ ապագայի առաջնորդները, ովքեր իմ դիմաց էին և ռոքի միջոցով արտահայտում էին իրենց հույզերը, հրաշալի առաջնորդներ են լինելու:

 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---