6 ապրիլի 2017 - 12:04 AMT
Գործադիրն ու ենթակա մարմինները պետք է ոլորտային զարգացման 5-ամյա ծրագրեր ներկայացնեն

ՀՀ կառավարության ծրագրի կարճաժամկետ միջոցառումների համար սահմանված ժամկետն ավարտվել է, և առկա է նոր միջոցառումների և գերակա խնդիրների մշակման անհրաժեշտություն: Այս մասին ՀՀ կառավարության ապրիլի 6-ի նիստում հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ հիշեցնելով, որ 2016 թվականի հոկտեմբերի 21-ին ՀՀ Ազգային ժողովը հավանություն է տվել Գործադիրի ծրագրին:

Այդ պատճառով Կարեն Կարապետյանը հանձնարարել է հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին մեկշաբաթյա ժամկետում Կառավարության աշխատակազմ ներկայացնել 2016 թվականի կառավարության ծրագրով հաստատված միջոցառումների և գերակա խնդիրների կատարման վերաբերյալ հաշվետվություն։

Վարչապետը նաև հանձնարարել է մեկամսյա ժամկետում Կառավարության աշխատակազմ ներկայացնել ոլորտային զարգացման 5 տարվա ծրագիր՝ մանրամասնելով առաջիկա տարվա հիմնական ուղղությունները, միջոցառումները և գերակա խնդիրները, հստակ նշելով դրանց կատարման իրատեսական ժամկետները, գրում է Panorama.am-ը:

«Հաշվի առնելով հանրության հետ հետադարձ կապի կարևորությունը և անհրաժեշտությունը` ոլորտային զարգացումների և իրականացված գործողությունների վերաբերյալ հանրությանը պարբերաբար ներկայացնել համապատասխան տեղեկատվություն»,- հանձնարարել է Կարապետյանը:

Բացի այդ, Կարապետյանը գործադիրի անդամներին ևս մեկ «ուրախ» լուր է հայտնել.

«Անցել են ընտրությունները, կարծում եմ` շատ ավելի հանդուրժողական մթնոլորտում մեր թիմը ստացել է մեր երկրում փոփոխություններ անելու քվե, այդ իսկ պատճառով աշխատանքային ռեժիմը հայտարարում ենք արտակարգ իրավիճակ»,- նշել է վարչապետը, մեջբերում է Aysor.am-ը:

«Մեր ռեժիմն ավելի է ծանրանում»,- շեշտել է նա։

Ավելի վաղ ՊԱՆ-ն առանձնացրել էր կառավարության ծրագրի ամենակարևոր կետերը՝ Ներդրումային ֆոնդից մինչև Աղետի գոտի: