19 ապրիլի 2017 - 09:01 AMT
Երևանի բնակչին մեղադրանք է առաջադրվել լրագրողի նկատմամբ բռնություն գործադրելու համար

Ապրիլի 2-ին ՀՀ ԱԺ ընտրությունները լուսաբանող լրագրողի նկատմամբ բռնություն գործադրելու և մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Երևանի բնակիչ Ջուլիետա Կոկոլյանը` ապրիլի 2-ին Ռուսթավելի 15 հասցեում տեղակայված նախընտրական շտաբի դիմաց, նկատելով ընտրությունների ընթացքը նշված տարածքում լուսաբանող լրագրող Շողիկ Գալստյանին, մոտեցել է նրան և պահանջել դադարեցնել նկարահանումները, սակայն վերջինս շարունակել է իրականացնել իր լիազորությունները:

ՀՔԾ մամուլի ծառայությունից հատնում են, որ այդ ընթացքում Ջուլիետա Կոկոլյանը, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դիտավորությամբ, վիրավորել և բռնություն է գործադրել Շողիկ Գալստյանի նկատմամբ` քաշել է մազերից, հրել է նրան և ձեռքից խլել նկարահանող սարքը` ստիպելով հեռանալ շտաբի տարածքից:

Այսպիսով, լրագրող Շողիկ Գալստյանի նկատմամբ բռնություն գործադրելու և վերջինիս մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար Ջուլիետա Կոկոլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: