«Ազատության» լրագրողը բռնության է ենթարկվել (վիդեո)

«Ազատության» լրագրողը բռնության է ենթարկվել

PanARMENIAN.Net - «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Սիսակ Գաբրիելյանը բռնության է ենթարկվել Երևանի Կոնդ թաղամասի ընտրատեղամասի հարևանությամբ գործող ՀՀԿ շատբի մոտակայքում:

Լրագրողը հայտնել է, որ այդ տեղամասի մասին բազմաթիվ ահազանգեր են ստացել՝ կապված մարդկային կուտակումների և ընտրակաշառքի հնարավոր բաժանման մասին:

«Այցելեցի այդ տեղամաս: Այնտեղ Հանրապետական կուսակցության ռեյտռինգային թեկնածուն նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայրն է՝ Հակոբ Բեգլարյանը: Ընտրատեղամասի մոտակայքում նրա նախընտրական շտաբն է գործում՝ նրա լուսանկարներով ու ՀՀԿ պաստառներով: Ես մոտ 10-15 րոպե կանգնեցի, տեսա, որ ընտրողներն իրենց անձնագրերով մոտենում են մի քանի երիտասարդի, նրանց ուղեկցությամբ մտնում շտաբ, այնուհետև դուրս գալիս ու գնում ընտրատեղամաս: Նրանցից մի քանիսի ձեռքում թղթադրամներ նկատեցի: Որոշեցի ինքս էլ բարձրանալ շտաբ, տեսնել՝ ինչ է կատարվում»,- պատմել է լրագրողը:

Նա մանրամասնել է, որ շտաբի մուտքի մոտ իրեն փորձել են խոչընդոտել և ներս չթողնել, սակայն կարողացել է մուտք գործել: Ներսում տեսել է մի քանի քաղաքացու, սեղաններին՝ ցուցակներ:

«Այնտեղի աղջիկներից մեկն ասաց, որ իրենք ընտրակաշառք չեն բաժանում, այլ՝ շտաբի աշխատակիցների աշխատավարձերը: Հարցին, թե ինչու են այդ դեպքում քաղաքացիների անձնագրային տվյալները գրանցում, նրանք պատասխանեցին, թե դա իրենց գործելաոճն է»,- մանրամասնել է Սիսակ Գաբրիելյանը:

Լրագրողը բջջային հեռախոսով տեսանկարահանում է իրականացրել շտաբի ներսում և դրա հարակից տարածքում, որում երևում է նաև, թե ինչպես են խլում AraratNews-ի լրագրողի տեսախցիկն ու անպատվում:

Սիսակ Գաբրիելյանը շեշտել է, որ հավաքվածները բավական ագրեսիվ վարք են դրսևորել, որն ուղեկցվել է հայհոյանքներով: «Ազատության» լրագրողը հոնքի հատվածքում նաև վնասվածք է ստացել: Տուժած լրագրողներից մեկը բռնության դեպքի մասին ահազանգել է Ոստիկանություն:

Ոստիկանությունն արձագանքել է «Ազատության» թղթակցի հետ կատարված միջադեպի մասին հաղորդմանը:

«Ըստ համացանցում շրջանառված տեղեկատվության՝ այսօր Կոնդում հարձակման է ենթարկվել «Ազատության» թղթակից Սիսակ Գաբրիելյանը: Նշվածի առնչությամբ, ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ Կոնդ թաղամասում՝ Ռուսթավելի 15 հասցեի բնակիչները հարձակվել են լրագրողների վրա:

Միջադեպով ոստիկանության Կենտրոնականի բաժնում նյութեր են նախապատրաստվում և ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- ասված է Ոստիկանության հաղորդագրության մեջ:

Ընտրությունների կարևորագույն իրադարձությունների վերաբերյալ թարմացվող լրահոսին հետևեք այստեղ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---