IDeA-ն առաջարկում է Երևանում նոր ճոպանուղի կառուցել

IDeA-ն առաջարկում է Երևանում նոր ճոպանուղի կառուցել

PanARMENIAN.Net - Երևանում ներդրումային դաշտի ակտիվացմանն ու զարգացմանն առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանի և IDeA հիմնադրամի («Հայաստանի զարգացման նախաձեռնություններ») տնօրեն Էդգար Մանուկյանի հանդիպման ժամանակ:

Մասնավորապես ներկայացվել են հիմնադրամի կողմից մշակված զբոսաշրջության զարգացմանն ուղղված` Երևանում նոր ճոպանուղու կառուցման, Հաղթանակ զբոսայգու վերակառուցման, ինչպես նաև Էրեբունի պատմահնագիտական արգելոցի զարգացման ներդրումային ծրագրերի առաջարկները:

IDeA հիմնադրամի տնօրեն Էդգար Մանուկյանը ներկայացրել է հիմնադրամի կողմից իրականացված ծրագրերը: Ընդգծելով Երևանում զբոսաշրջության զարգացման հեռանկարները՝ Էդգար Մանուկյանը նշել է համապատասխան ենթակառուցվածքների ստեղծման կարևորությունը և այս համատեքստում խոսել մայրաքաղաքում իրագործելի ներդրումային ծրագրերի մասին:

Կարևորելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններն ու ներկայացնելով Երևանի քաղաքապետարանի կողմից այս ուղղությամբ ներկայում տարվող աշխատանքները՝ Վահե Նիկոյանը նշել է, որ քաղաքապետարանն իր լիազորության շրջանակում պատրաստակամ է հնարավորին աջակցել փոխշահավետ համագործակցության շրջանակում մայրաքաղաքի զարգացմանն ուղղված ներդրումային ծրագրերի իրագործմանը:

«Երևանում այսօր ձևավորված է բարենպաստ ներդրումային միջավայր, ինչը, միանշանակ, կարևոր նախապայման է ներդրողների համար: Ասօր հասանելի են նաև քաղաքապետարանի կողմից մշակված ներդրումային առաջարկների փաթեթները: Միաժամանակ մենք ողջունում ենք ցանկացած նոր առաջարկ», - նշել Վահե Նիկոյանը:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռքբերվել առաջիկայում առավել մանրամասն քննարկելու հետագա համագործակցության հնարավոր ուղղություններն ու առաջարկների փաթեթները, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Ընթերցեք նաև. Զարմինե Զեյթունցյան.Պետք չէ Հայաստանը զբոսաշրջիկներին ներկայացնել որպես ծանր անցյալ ունեցող երկիր

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---