Պետք չէ Հայաստանը զբոսաշրջիկներին ներկայացնել որպես ծանր անցյալ ունեցող երկիր

Զարմինե Զեյթունցյան.

Պետք չէ Հայաստանը զբոսաշրջիկներին ներկայացնել որպես ծանր անցյալ ունեցող երկիր

PanARMENIAN.Net - 2016-ի հոկտեմբերին Հայաստանում Զբոսաշրջության պետական կոմիտեն ձևավորվեց, որը միանգամից ակտիվ սկսեց գործել: Կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը PanARMENIAN.Net-ին պատմել է Հայաստանում զբոսաշրջության զարգացման հենասյունների, ազգային ինքնության վերականգնման խնդրի, մասսայական զբոսաշրջության ոչ նպատակահարմար լինելու, տուրիզմը՝ որպես ստարտափ բիզնես դիտարկելու, զբոսաշրջային պրոդուկտի և շուկաների դիվերսիֆիկացման, ինչպես նաև կոմբինացված տուրիստական արդյունքի մասին:

Հայաստանի զբոսաշրջային նպատակները

Զբոսաշրջության պետական կոմիտեի առաջնային նպատակը կայուն զբոսաշրջության ապահովումն ու զարգացումն է (անգլ.՝ sustainable tourism): Այդ կայունությունը պետք է լինի ամենուրեք. տնտեսական (ազգային եկամտի աճ, աշխատատեղերի ստեղծում ոլորտում, կենսամակարդակի բարձրացում), բնական ռեսուրսների պահպանում և վերարտադրություն, հասարակական և մշակութային կայունություն, նաև մշտական միջմշակութային դիալոգի ստեղծում, որպեսզի Հայաստանը զբոսաշրջության միջոցով աշխարհում ճիշտ ինտեգրվի` միաժամանակ պահպանելով իր ազգային ինքնությունը:

Տուրիզմը նաև ֆինանասական նպատակներ ունի, որոնցից է ինչպես զբոսաշրջիկների քանակի, այնպես էլ նրանց ծախսած գումարի աճը: Զբոսաշրջությունը միաժամանակ պետք է սարդոստայնի պես համայնքների խորքը թափանցի և կայունություն բերի: Երբ զբոսաշրջիկը կարճատև այցով է ժամանում Հայաստան, նա այդ պահին էլ է երկրին եկամուտ բերում, բայց խոսքն այստեղ կայունության մասին է: Ամենակարևորը կայուն, համաչափ համայնքային զարգացումն է, որպեսզի զբոսաշրջային ներդրումները միայն քաղաքում չլինեն: Բացի այդ, զբոսաշրջությունը նաև խաղաղության գրավականներից է. օրինակ, Բիլբոան միշտ կոնֆլիկտային, քաղաքական գոտի էր, բայց այնտեղ թանգարան կառուցեցին, որն այժմ միլիոնավոր զբոսաշրջիկներ է բերում և կայունության, խաղաղության գրավական հանդիսանում:

Զբոսաշրջության միջոցով Հայաստանը ճանաչելի դարձնելը

Կոմիտեի տեսլականի մեջ մտնում է նաև Հայաստանի ճանաչելիության բարձրացումը զբոսաշրջության միջոցով: Պետք է մեր երկիրը դիտարկել որպես ապահով, կայուն, բարգավաճ երկիր, ոչ թե որպես կոնֆլիկտային գոտի կամ երկիր, որը պատմական ծանր անցյալ ունի: Դա կարևոր է քաղաքական լոբբիի համար, բայց զբոսաշրջության տեսանկյունից չէի ունի, որ Հայաստանը դրանով ճանաչեն:

Երբ որոնողական համակարգերում այսօր Հայաստան բառն ես գրում, ԿՀՎ-ի տեղեկատվություն է բերում, Վիքիպեդիայի, դեսպանատան, հետո նոր գալիս է զբոսաշրջային տեղեկատվությունը, իսկ երբ, օրինակ, Հունաստան բառով ես փնտրում, անմիջապես հունական տուրիստական վայրերն է բերում: Խնդիրն այն է, որ մենք այսօր չունենք գրավիչ բովանդակային տեղեկատվություն Հայաստանի մասին: Իսկ դրանք հատուկ մեխանիզմներ են, որոնց կիրառմամբ համացանցում կարելի է այլ պատկեր ստանալ: Դժվար բան չէ, բայց շատ է ծախսատար, ու հիմա մենք հենց այդ ուղղությամբ ենք աշխատում: Հայաստանի մասին սոցցանցերում արդեն էջեր և կայքէջ կա, որ մինչև այսօր չունեինք: Զարգացման հիմնադրամի կողմից այժմ ծրագիր է մշակվել, և այդ բոլոր գործիքներն այժմ լրամշակում ենք, որ այդ ամենը զբոսաշրջիկների համար առավել գրավիչ դառնա: Երբ դրանք պատրաստ լինեն և գործարկվեն, պետք է այնպես անենք, որ հայկական տուրիզմի մասին համընդհանուր կայքէջն իր հետաքրքիր տեղեկատվությամբ առաջինը հայտնվի Հայաստանի մասին տեղեկատվություն որոնելիս: Բացի այդ, նաև կորպորատիվ զբոսաշրջության մասին կայք է գործարկվելու՝ Mice Armenia:

Տուրիզմի հենասյունները

Բոլոր այն քայլերը, որոնք անհրաժեշտ է անել գերակա խնդիրները լուծելու համար, հաճախակի արագ լուծում են պահանջում: Լավ արդյունքը միայն զբոսաշրջիկների թվի աճը չէ: Տուրիզմը դիտարկում եմ որպես ստարտափ բիզնես, իսկ ցանկացած ստարտափի համար պետք է գաղափար ունենաս և ներդրող գտնես: Մեր աշխատանքը սկսվել է ախտորոշումից, հետո նշել ենք հենասյունները, որոնց վրա պետք է կառուցվի տուրիզմի պետական քաղաքականությունը:

Առաջին հենասյունն ինստիտուցիոնալ բարեփոխումներն են՝ զբոսաշրջության մասին օրենքի նախագիծը, որում ընդգրկված են հստակ դրույթներ վարչական ռեգիստր ստեղծելու մասին, տուրօպերատորներին, հյուրանոցներին, տրանսպորտի ծառայության, տուրգիդերին լիցենզավորելու, որակավորելու մասին: Ոլորտը կարգավորման լուրջ խնդիր ունի: Օրենքն արդեն պատրաստ է, նույնիսկ ներկայացված հանրությանը, քննարկումներ էլ են ընթացել:

Երկրորդ հենասյունը շահառուների կոորդինացիան է: Շատ կարևոր է ոլորտի կոնսոլիդացիան: Մինչև օրս միջազգային բազմաթիվ կազմակերպություններ գործունեություն են ծավալել Հայաստանում, հետաքրքիր ծրագրեր իրականացրել զբոսաշրջության ոլորտում, բայց ընդհանուր, մասշտաբային արդյունք չկա, քանի որ այդ ամենը կոնսոլիդացված չի եղել: Մի հեռավոր գյուղում փոքր ծրագիր իրականացվել է, հետո այլ կազմակերպություն նույնը մի այլ գյուղում է արել՝ տեղյակ չլինելով մյուսից: Մեր դերը, որպես Կոմիտե, տեսնում ենք որոլտի կոնսոլիդացիայի մեջ, իսկ մեզ շատերը սխալ են դիտարկում ու որպես մեծ տուրօպերատոր ներկայացնում: Սա զբոսաշրջության քաղաքականություն մշակող մարմին է, որը կոորդինացնում, կոնսոլիդացնում, կարգավորում է տուրիզմի ոլորտը: Մենք ուղղություն, ռազմավարություն տվողն ենք:

Կոնսոլիդացիան պետք է լինի շահառու բոլոր մարմինների հետ, լինեն դրանք միջգերատեսչական, նախարարություններ թե տարածքային կառույցներ, որոնք առնչվում են ոլորտին: Միջգերատեսչական խորհուրդ ենք կազմելու, հանդիպումներ անցկացնելու, որ մեր աշխատանքները կոորդինացնենք: Բացի այդ, դոնորների խորհուրդ ենք ստեղծել. բոլոր այն միջազգային խոշոր կազմակերոպությունները, որոնք զբոսաշրջային ծրագրեր են իրականացնում, հավաքվել են մեկ սեղանի շուրջ, կիսվել ծրագրերով: Երկու ամիսը մեկ հանդիպումներ ենք անցկացնում, որ կարողանանք որոշակի արդյունքի հասնել: Շատ հետաքրքրիր ծրագրեր կան, սակայն դրանց արդյունքը չի երևում, քանի որ ճանաչելիության, քարոզչության խնդիր էլ կա: Ապրանքը ստեղծվում է, բայց թե ինչ պիտի հետո լինի՝ ոչ մեկ չի մտածել: Մասնավոր հատվածից զանգահարում են մեզ, ասում՝ բիզնես ենք ստեղծել, բայց չգիտեն՝ ինչ անել դրա հետ: Մարքեթոլոգ, PR-մենեջեր չունեն, սոցկայքերում էլ էջերը 200 լայք ունեն ընդամենը:

Պրոդուկտի և շուկաների դիվերսիֆիկացում

Մյուս հենասյունը զբոսաշրջային արդյունքի և զբոսաշրջային շուկաների դիվերսիֆիկացումն է: Մեր նպատակն է հնարավորինս ավելացնել որակյալ զբոսաշրջիկների քանակը, որոնք ավելի շատ գումար կծախսեն այստեղ և երկար կմնան, իսկ դրա համար արդյունքներ են պետք, բազմազանություն: Կառավարության ծրագրով ոչ զբոսաշրջային վայրերը զբոսաշրջայինի վերածելու ռազմավարություն կա: Օրինակ՝ գնում եք Զվարթնոց, գնում տոմսը, հետ վերադառնում մեքենայով, և այդ ամենը մոտ 2 ժամ է տևում: Եթե Զվարթնոցում զբոսաշրջային ինֆրաստրուկտուրա ունենայի, ինչպես ամբողջ աշխարհում՝ սուրճ, թեյ խմելու, լուսանկարվելու տեղ, ապա ավելի երկար կմնայի: Պետք է գրավչություններ ստեղծվեն, որ այնտեղ ամբողջ օրն անցկացնեմ, երեկոյան էլ տեղում մայրամուտը դիմավորեմ: Կամ Տաթևի օրինակով. Ճոպանուղի նստելուց ու հետ վերադառնալուց բացի, օրինակ, կարելի է քայլարշավ անցկացնելու ծրագիր մշակել:

Զբոսաշրջիկին գրավելու համար մենք ամեն ինչ ունենք: Խնդիրն այն է, որ չենք կարողանում ճիշտ «փաթեթավորել», ճիշտ ձևով այդ ամենը ներակացնել:

Այսպես, նախ խոսենք շուկաների բազմազանությունից. մենք թիրախային շուկաներն ենք ընտրել, շուկաներ, որոնց համար գրավիչ ենք և որոնք հեշտ հասանելի են: Բայց մարքեթինգի մեջ պետք է հաշվի առնել, որ ինչքան ընդլայնվում ես, այնքան արդյունքը քիչ է լինում, այն էլ այն դեպքում, երբ ունես սահմանափակ ֆինանսական հնարավորություններ: Այդ պատճառով ավելի լավ է առաջին մեկ-երկու տարին կենտրոնանալ մեզ ամենամոտ շուկաների վրա, որոնք ուղիղ չվերթներ ունեն, և այն շուկաների վրա, որտեղ կա հետաքրքրվածություն հայկական տուրպրոդուկտի նկատմամբ: Դա Արևմտյան Եվրոպան է, Ռուսաստանը, Իրանը, Արաբական ծոցի երկրները, սփյուռքը, ներքին շուկան:

Այս տարի նաև ուզում ենք ավելի խորն ուսումնասիրել ճապոնական և չինական, արևելյան շուկաները, հետագայում Հայաստանի հանդեպ դրանց հետաքրքրությունը գրավելու համար:

Ազգային բրենդ

Հայաստանի ազգային բրենդի վրա աշխատում է ամերիկյան GK Brand ընկերությունը: Բրենդը միայն կարգախոսն ու լոգոն չեն, այն մեծ պատմություն ունի, որը ստեղծելու համար աշխատանք է տարվել: Այս պահին, սակայն, դրա պաշտոնական ընդունման մասին տեղեկատվություն չկա (խմբ.- 2016-ին ներկայացրել էր Հայաստանի «Հավերժական արև» տարբերանշանը՝ գործակալության կողմից մշակված: Առաջարկվել էր նաև կարգախոս՝ «Հայաստան։ Պատմությունը նոր է սկսվում»): Հայաստանի Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում աշխատանքային խումբ է ձևավորվել, որը կորոշի բրենդի հետագա ճակատագիրը՝ կամ կընդունի այն, կամ կառաջարկի վերանայել դիզայնի, լոգոյի վերջնական փուլը:

Չգիտեմ, թե ի սկզբնե ընկերությանն ինչ հանձնարարություն էր տրված, բայց երբ ասում ես երկրի բրենդ, սխալ է հասկանալ միայն զբոսաշրջության բրենդը: Իհարկե, եթե վերցնեք Իսպանիան, Եգիպտոսը, Թայլանդը՝ դրանց բրենդերը հիմնականում զբոսաշրջային են: Տուրիզմի տեսանկյունից բրենդն ավելի գրավիչ, «խաղարկային» պետք է լինի:

Տարբերանշանն ավելի շատ դիտարկում եմ որպես երկրի բրենդ, օրինակ՝ ներդրումային ֆորումներին, այլ հարթակներում ներկայացնելու համար: Իսկ մենք շահառուներից մեկն ենք, և եթե հասկանանք, որ որպես տուրիզմի բրենդ չենք կարող օգտագործել, ապա ռուսական կազմակերպություն կա, որն արդեն համաձայնվել է օգնել հենց զբոսաշրջային բրենդը ստեղծելու հարցում: Դա լինելու է նվիրատվություն Հայստանին:

Գյուղական տուրիզմ

Իմ կարծիքով, Հայաստանում արկածնային տուրիզմն ավելի զարգացած է, քան ագրոտուրիզմը: Վերջինս միայն գյուղատնտեսական զբոսաշրջությունը չէ: Զբոսաշրջիկը ծանոթանում է ոչ միայն տեղի բնակչի կենցաղիմ, այլ նրա հետ միասին հաղարդակցվում որոշակի ավանդույթներին: Ի՞նչ է իրենից ներկայացնում տեղի բնակչի կենցաղը. մի մոռացեք, որ մենք 70 տարի ապրել ենք սովետական միությունում, որտեղ հնարավորինս ամեն ինչ արվել է, որ կորցնենք մեր ազգային ինքնությունը, շատ հստակ քաղաքականություն է եղել: Գյուղում այսօր այդքան էլ չեն պահպանվել պատմական ազգայինավանդույթները: Այսօր գյուղն ապրում է սովետական կենցաղով, գուցե դա հետաքրքրի գերմանացուն, բայց, կարծում եմ՝ ագրոտուրիզմը զարգացնելու համար ազգային ավանդույթները, ինքնությունը վերհանելու խնդիր կա:

Օրինակ, ինչքան եղել եմ Տաթևում, միշտ գյուղացիների տանն եմ ապրել, իրենց հետ արթնացել եմ, այգում կոճղերի վրա սուրճ խմել, խնձոր քաղել: Գյուղի ժողովրդի հետ շփվելը շատ հետաքրքրիր է, բայց եթե համեմված չէ ազգային ավանդույթներով, ինչ-որ ժամանակ անց այդ ամենը սպառում է իրեն:

Կարելի է գյուղերում մի քանի ընտանիքընտրել՝ որոշ չափանիշներին համապատասխան, և իրենց ու միջազգային կազմակերպություններից մեկի հետ գործակցությամբ մի հետաքրքիր ծրագիր նախաձեռնել: Ուղղակի դա երկարաժամկետ աշխատանք է, բայց կարճաժամկետն արհեստական կլինի: Համայնքներում պետք է այդ մարդկային ռեսուրսը, թրենինգներ անցկացնենք, որպեսզի բնական միջավայրը մի քիչ ավելի գեղարվեստականացված դառնա, բայց ոչ իր բնականությունը կորցրած:

Արկածնային զբոսաշրջության մասին

Հայաստանում արկածնային զբոսաշրջության, լեռնագնացների, քայլարշավի ասոցիացիաներ կան, Ալպինիզմի ֆեդերացիա էլ կա, գրեթե բոլոր տուրօպերատորները նրանց հետ գործակցում են: Ուղղակի դրանց ճիշտ քարոզչություն է պետք:

Արա լեռը՝ զբոսաշրջային վայր

Արա լեռը զբոսաշրջային վայր դարձնելու հետաքրքիր ծրագիր ունենք. թե ձմռանը, թե ամռանը, բայց դրա գործարկումը հսկայական ներդրումներ է պահանջում: Ծրագիրը կներկայացնենք ներդրումային հարթակում և կսպասենք զարգացման: Այն մշակվել է դեռ 2007-ին, բայց մինչև այսօր դեռ չի իրականացվել մեծ ներդրումների պահանջի պատճառով: Օրինակ, գինու, գաստրո, արկածային տուրիզմի զարգացման համար ներդրում պետք չէ: Գինու, գաստորտուրիզմի մասին շատ են խոսում, բայց դրանք տուրիզմի առանձինձևեր չեն, քանի որ կոնկրետ երկիր չես գնում միայն ուտելու կամ գինու տուրի համար, պարզապես այդ ամենը մտնում է երթուղու մեջ: Միայն դրանով Հայաստանը ներկայանալ, իհարկե, չի կարող: Մեր երկիրը ներկայացնում ենք որպես չբացահայտված Հայաստան՝ Armenia uncovered:

Կոմբինացված տուրպրոդուկտի մասին

Նախկինում ասել էի, որ եթե Հայաստանն իր ռեսուրսներով ճիշտ ուղով զարգանա, ապա երկրի ամբողջ զբոսաշրջությունը կարող է համարվել էկոզբոսաշրջություն: Հաճախէկոտուրիզմ ասելով քայլարշավ ենք պատկերացնում, իսկ դա մի հսկայական համակարգ է, որտեղ մարդու և բնության ֆակտոր կա: Բնական, պատմական հուշարձանների պահպանությունը պատասխանատու զբոսաշրջությունն է, սակայն լրագրողներից մեկը սխալ էր մեկնաբանել դա, գրելով, թե ես բացառում եմ Հայաստանի՝ մշակության զբոսաշրջության երկիր լինելը:

Ըստ 2013-ի վիճակագրության, մեր երկիր հիմնականում 35-ից 65 տարեկաններ զբոսաշրջիկներ են գալիս: Հարց է առաջանում՝ ուզու՞մ ենք անպայման ներգրավել 18-ից 35 տարեկաններին, թե ուզում ենք ավելացնել 35-ից 65 տարեկանների քանակը: Սա արդեն մարքեթինգային որոշում է: Եթե ուզում ենք ավելի շատ երիտասարդների ներգրավել, պետք է հասկանալ, թե ինչ կարող ենք նրանց առաջարկել՝ զվարճանքներ, սպորտ, ճանապարհորդություններ ուսապարկով և այլ:

Ըստ իս, այսօր ուզում ենք դիրքավորել մեր երկիրը որպես մշակութային՝ համադրելով բնությունն ու մարդուն, այսպես կոչված՝ Experiential tourism: Այսօր մարդիկ ամեն ինչ տեսել են, գիտեն, ևհետաքրքրիրայլփորձ են ուզում՝ուսումնասիրել այլ երկրի մշակույթ, տեղացիների հետ անցկացնել իրենց հանգիստը, մի նոր բան սովորել, իրենց ձեռքով նոր ուտեստ պատրաստել, բնության անաղարտ տարածքներ այցելել...

Մեր զբոսաշրջությունը կնմանվի «արեգակնային համակարգի», որտեղ արեգակն այն է, ինչի համար գալիս են, իսկ դրա շուրջը պիտի շարվեն մոլորակները՝ այսինքն այն հավելյալը, ինչը կառուցվելու է հիմնական զբոսաշրջային նպատակի շուրջը: Համոզված եմ՝ եթե հարցում անցկացնենք, Ռուսաստանից Հայաստան ժամանողների մոտ 90 տոկոսը ասելու է, որ եկել են ոչ ակտիվ հանգստի հետևից. այդ ռելաքսին պետք է ավելացնենք, ըստ զբոսաշրջիկների ցանկության, պատմական հուշարձանների հետ ծանոթություն, արկածնային զբոսաշրջություն, քայլարշավներ, գաստրոտուրիզմ, գինու տուրեր:

Պետք չէ ասել՝ եկեք մեր երկիր, միայն որովհետև մենք ամենահինն ենք: Զբոսաշրջիկներն ուզում են մարդուն տեսնել իր բնական առօրյայում(Authentic Tourism):

Մենք բազմազանություն ունենք, բայց այն որոշակի զբոսաշրջիկի համար է: Հայաստանն ընդհանուր առմամբմասսայական տուրիզմի երկիր չէ: Այստեղ կոնկրետ զբոսաշրջիկներ են գալիս, որոնք հետաքրքրված են նոր բան իմանալով, տեսնելով, մշակույթի հետ առնչվելով: Եթե խոսենք միայն զվարճանալու ցանկություն ունեցող երկրի մասին, ապա մենք այդպիսինը չե՞նք: Դրա համար լուրջ ինֆրաստրուկտուրաներ են պետք: ՀՀ, օրինակ, քիչ են գալիս երեխաների հետ, և հիմա գովազդային արշավների ժամաանկ մենք անպայման նշում ենք, որ մեր երկիրն ընտանիքի համար նպաստավոր, հետաքրքիր, ապահով վայր է:

Երիտասարդներին կարող է հետաքրքրել, օրինակ, Սերժ Թանկյանի համերգը, որը ՀՀ մարզերից, հարևան Վրաստանից շատ մարդ էր բերել: Էլեկտրոնային երաժտության դիջեյների փառատոն է պլանավորվում, եթե տեղեկատվական ճիշտ արշավ իրականացվի, ապա երիտասարդ նորզբոսաշրջիկներ կժամանեն՝ մասնակցելու:

Իրանի զբոսաշրջիկները

Իրանի 4 քաղաքում շնորհանդեսներ ենք ունեցել, պատասխան այց է սպասվում: Հայաստանը նաև Թեհրանում առաջին անգամճանապարհորդական ցուցահանդեսի է մասնակցել: Այս տարի Նովրուզին իրանցիներին դիմավորել ենք ավելի կազմակերպված, ունենք թեժ գիծ, սահմանային անցակետերում տեղեկատվություն է բաժանվել պարսկերենով, ճանապարհին իրենց Ամանորը շնորհավորորող բաներներ են տեղադրված եղել, դեպի տեսարժան վայրեր ուղեցույցներ, Հյուսիսային պողոտայում կազմակերպվել էին Նովրուզի հետ կապված միջոցառումներ, Երևանի կարմիր ավտոբուսն էր գործում, Երևանի մասին պարսկերեն տեղեկատվություն էր բաժանվում, թանգարաններում միջոցառումներ էին կազմակերպվել, իսկ տուրիստական կայքերում պարսկերեն լեզվով կար տեղեկատվություն, թե ինչ միջոցառումներ են լինելու այդ օրերին Հայաստանում:

Ռուսական շուկա

ՌԴ քաղաքացիների համար ներքին անձնագրերով ՀՀ ժամանելու օրենքը նոր հնարավորություններ բացեց: Մոսկվայում առաջին միջոցառումներ ենք պատրաստում տուրօպերատորների և լայն հասարակության, մեդիայի համար: Հայաստանը շատ գրավիչ է ռուսական շուկայի համար՝ հեռու չէ, այստեղ վարժ խոսում են ռուսերեն, տեղեկացվածության խնդիրն է մնում:

Հայ-վրացական ընդհանուր տուրփաթեթ

Նման տուրփաթեթներ կան, և մեր տուրօպերատորներն արդեն առաջարկում են, վրացական կողմինը՝ նույնպես: Դեկտեմբերին Վրաստանից 15 տուրօպերատոր և մեդիա ներկայացուցչի հրավիրեցինք, հետաքրքիր երթուղի էինք գծել, և նրանք շատ զարմացած էին, քանի որ այդ տեսանկյունից Հայաստանը չէին ճանաչում: Դրանից հետո Վրաստանի և հայկական տուրօպերատորների հետ կլոր սեղան կազմակերպվեց, գործնական կապեր ձեռք բերվեցին, շուտով իրենք կհրավիրեն մեր տուրօպերատորներին՝ ծանոթանանալու, որ կարողանանք Վրաստանն ավելի գրավիչ ներկայացնել: Պետական մակարդակով այդ քայլը կարող է արվել, բայց արդյունքը պետք է արդեն մասնավոր սեկտորն ապահովի:

Ենթակառուցվածքների զարգացում

Ենթակառուցվածքների զարգացումը զբոսաշրջության քաղաքականության հիմնական հենասյուններից է: 2013-ին անցկացված հարցման համաձայն, զբոսաշրջիկները Հայաստանում ամենաշատը բողոքում էին ճանապապարհների որակից, բայց տուրիստների 98 տոկոսը գոհ է տուն վերադառնում, քանի որ ժամանակակից զբոսաշրջիկը կարևորում է մարդկային գործոնը, իսկ այն ջերմությունը, որ նա ստանում է Հայաստանում, անմոռանալի է: Ճանապարհային նշանների ուղեցույց է մշակվել, որը շուտով կհաստատվի: Նաև պատմական հուշարձանների, գրավիչ վայրերի ուղեցույցներ ենք մշակել: Մտածում ենք Հայաստանում ճանապարհային նշանների աշխատանքային խումբ ստեղծելու ուղղությամբ, որպեսզի մեր երկրում կորել հնարավոր չլինի: Համաշխարհային բանկի հետ ենթակառուցվածքների զարգացման ծրագիր ենք իրականացնում, բայց մարդկային ռեսուրսների զարգացման խնդիրն է մնում:

Պատասխանատու հանքարդյունաբերություն

Բազմաթիվ զարգացած երկրներում, որտեղ զբոսաշրջությունը բավականին զարգացած է, զուգահեռ նաև հանքարդյունաբերությունն է զարգանում: Խոսքն այստեղ պատասխանատու հանքարդյունաբերության մասին է, որը փորձում է մինիմալիզացնել շրջակա միջավայրի վրա ներգործությունը:

Սեզոնային զբոսաշրջություն

Սեզոնայնությունը, իհարկե, մեծ խնդիր է: Գերակա խնդիրներից է նաև զբոսաշրջության ապասեզոնայցումը: Օրինակ, բժշկական, կորպորատիվ զբոսաշրջությունը կոնկրետ սեզոն չունեն, բայց ձմեռային զբոսաշրջության համար, օրինակ, հսկայական ինֆրաստրուկտուրաների կարիք կա: Այստեղ ձմեռը կարող է շատ գեղեցիկլինել սարերում, կարելի է Նոր տարին Հայաստանումդիմավորել և այլ: Այդ ամենը պրոդուկտներ են, որոնք պետք է ճիշտ լուսաբանվեն:

Միջազգային գործակցություն

Միջազգային գործակցություն մեր քաղաքականության հիմքերից է: Գործակում ենք ՄԱԿ-ի տուրիստական համաշխարհային կազմակերպության, մի շարք այլ միջազգային կազմակերպությունների հետ: Վերջերս Բեռլինի նախագահական վեհաժողովում էի, որտեղ խոսվեց Մետաքսե ճանապարի ծրագրին Հայաստանի մասնակցության մասին: Մարտի 28-29-ին մի այլ ժողովի ենք մասնակցել: Բացի այդ, 2016-ի հոկտեմբերին մեր վարչությունն էր զբոսաշրջային կազմակերպության ասոցացված անդամների համաժողով կազմակերպել Հայաստանում:

Լուսինե Դալլաքյան / PanARMENIAN.Net