ԵԽ․ Բաքուն պետք է ազատի առևանգված լրագրողին, իսկ Թբիլիսին՝ հետաքննություն անցկացնի

ԵԽ․ Բաքուն պետք է ազատի առևանգված լրագրողին, իսկ Թբիլիսին՝ հետաքննություն անցկացնի

PanARMENIAN.Net - Բաքուն պետք է անհապաղ ազատ արձակի Վրաստանից առևանգված լրագրողին: Այդ մասին հայտարարել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը՝ անդրադառնալով Վրաստանում ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլիի առևանգմանն ու Ադրբեջան տեղափոխմանը։

Մուխթարլիի փաստաբանը հայտարարել է, որ նրա ձերբակալությունն ու արտահանձնումը Վրաստանի կողմից միջազգային նորմերի խախտում է, քանի որ քաղաքացին ենթակա չէ արտահանձնման, եթե նրան սպառնում է հետապնդում հայրենիքում:

«Ես ցնցված եմ, թե ինչ տեղի ունեցավ Աֆգան Մուխթարլիի՝ ադրբեջանցի լրագրողի ու ակտիվիստի հետ, որին, ինչպես հաղորդվում է, առևանգել են Վրաստանում ու բռնի տեղափոխվել Ադրբեջան, որտեղ այժմ նա հետապնդվում է սահմանն անօրինական հատելու ու մաքսանենգության համար»,-ասել է Մուժնիեկսը, հայտնում է Panorama.am-ը։

Մուխթարլին ապրում էր Վրաստանում 2015-ից, երբ հեռացավ Ադրբեջանից, որպեսզի խուսափեր կառավարության կողմից քննադատական ձայների նկատմամբ կիրառվող ճնշումներից։

Մուժնիեկսը նշել է, որ Մուխթարլիի փաստաբանը հաստատել է, որ առևանգողները նրա գրպանը գումար են դրել ու դաժան վերաբերմունք ցուցաբերել։ «Սրանք շատ լուրջ պնդումներ են, որոնք պահանջում են Վրաստանի իշխանությունների առավելագույն ուշադրությունն ու հրատապ արձագանքը, որը պետք է իրականացնի արդյունավետ, արագ ու անկախ հետաքննություն։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ ազատ արձակեն Մուխթարլիին ու ապահովեն նրա լիակատար իրավունքները՝ ներառյալ պաշտպանություն խոշտանգումներից ու դաժան վերաբերմունքից»,-ասել է Մուժնիեկսը։

Թբիլիսիում ձերբակալվել են նաև ադրբեջանցի ընդդիմադիրներ Դաշթըն Աղալարլին ու Լեյլա Մուսթաֆաևան. նրանք դեռևս չեն արտահանձնվել: Բացի այդ, մայիսի 25-ին վրաց-ադրբեջանական սահմանը հատելիս ձերբակալվել էր ընդդիմադիր «Ադրբեջանի Ազգային ճակատի կուսակցության» փոխնախագահ Գյոզալ Բայրամլին:

Ընթերցեք նաև. Ադրբեջանցի ընդդիմադիրների «ջարդ» Թբիլիսիում. Արտահանձնված ու ձերբակալվածներ կան

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---