Գյուղապետ. Թալիշում շինաշխատանքներն ընթացքում են, գյուղը կվերաբնակեցվի

Գյուղապետ. Թալիշում շինաշխատանքներն ընթացքում են, գյուղը կվերաբնակեցվի

PanARMENIAN.Net - ԼՂՀ Մարտակերտի շրջանի սահմանամերձ Թալիշ գյուղում շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են: Այս մասին գյուղում լրագրողներին ասել է համայքնի ղեկավար Վիլեն Պետրոսյանը։

«Շինարարություն է ընթանում գյուղապետարանում և հանդիսությունների շենքում։ Մոտ օրերս կսկսվեն դպրոցի և մանկապարտեզի շենքերի կառուցման աշխատանքները։ Դրանց զուգահեռ կկառուցվեն նաև 3 անհատական տներ», - ասել է Պետրոսյանը, գրում է Aravot.am-ը։

Նրա խոսքով, այս պահին գյուղում կա 20-ից ավելի բնակիչ՝ բոլորը տղամարդիկ։

«Նրանք զբաղվում են գյուղատնտեսությամբ, նաև ծառայություն են մատուցում։ Իսկ ընտանիքները գտնվում են համայնքից դուրս՝ հիմնականում Ալաշան կոչվող տեղամասում։ Ապրիլյան դեպքերից հետո Ղարաբաղում Թալիշի 500 բնակչից մնացել էին 130 բնակիչ: Ալաշանից բացի, նրանք տեղակայված են հանրապետության տարբեր շրջաններում, իսկ Ալաշանում արդեն ավարտվում է 20 տնակների հավաքումը։ Այդտեղ նախատեսված է տեղափոխել ևս 20 ընտանիք, որից հետո հույս ունենք, որ կկարողանանք ավելացնել ևս 10 նման տնակ», - ասել է Թալիշի գյուղապետը։

Անդրադառնալով ապրիլյան իրադարձությունների ժամանակ թալիշեցիների կրած վնասների փոխհատուցմանը՝ նա նշել է, որ գործընթացը մասամբ կատարված է։

«Կառավարությունը կատարել է վճարումներ, օրինակ, եթե բնակչի մեքենան վնասվել էր թշնամու կողմից՝ վնասն ամբողջոթյամբ փոխհատուցվել է։ Երկրորդ փուլով կփոխհատուցվի անասնագլխաքանակը», - պարզաբանել է Պետրոսյանը։

Համայնքի ղեկավարն անդրադարձել է բերքահավաքի շրջանին՝ նշելով, որ այս տարի Թալիշում բերքը բավականին շատ է։

«Բերքը Թալիշում շատ է, և ես համոզված եմ, որ մեր բնակիչներն անպայմանորեն և՛ թափելու են Թալիշի թութը, և՛ քաղելու են ծառերի վրայի եղած բերքը։ Հենց անմիջապես իրենք՝ ոչ ուրիշները։ Ինչ վերաբերում է նրանց տրվող արտոնություններին, այսօր Ալաշան տեղամասում ապրող թալիշեցիները լիովին ազատված են ջրի և հոսանքնի վճարներից։ Ես համոզված եմ՝ վաղը-մյուս օրը, երբ Թալիշը բնակեցվի, գյուղին կտան ոչ թե արտոնություններ, այլ՝ առաձին կարգավիճակ ու տրվող արտոնությունները կտարբերվեն մնացած բնակավայրերին տրվող արտոնություններից», - ասել է Պետրոսյանը:

Ինչ վերաբերում է գյուղում անվտանգության երաշխիքներին, գյուղապետը նշել է, որ Թալիշում միշտ էլ եղել են կրակոցներ.

«Սկսած 2013-ից գյուղի ուղղությամբ անգամ, իհարկե, ոչ անմիջապես բնակավայրի վրա, պայթել են արկեր։ Այդ ամենն արդեն շատ սովորական էր դարձել բնակչության համար, այսօր ևս մի որոշակի չափով ավելացել է վտանգը, բայց դրան զուգահեռ մենք նոր տարբերակներով ենք ուզում դիմակայել դրան։ Օրինակ՝ ինչպես դպրոցը և այլ համայնքային կառույցներ, այնպես էլ կառուցվող բոլոր անհատական տները կունենան իրենց ապաստարանները»:

Կարդացեք նաև՝ Թալիշի երեխաները. Գյուղի, կարոտի, վերադարձի, երազանքների, պատերազմի մասին

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---