12 հունիսի 2017 - 15:45 AMT
Նախարար. Բարեփոխումների նպատակը երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացումն է

Երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվում են լայնամասշտաբ բարեփոխումներ, որոնց հիմքում այլընտրանքային խնամքի ծառայությունների ներդրումն է, ինչը հանգեցնելու է նախկինում գործող խնամքի հաստատությունների վերակազմակերպմանը:

Այս մասին ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, Երկիր Մեդիայի հաղորդմանը հղումով գրում է Aravot.am-ը:

Նախարարի խոսքով, առարկայական միջոցառումներ են նախատեսված, որոնք ուղղված են այլընտրանքային խնամքի ծառայությունների ներդրմանը, որի հիմնական նպատակը երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացումն է:

«Մանկատուն փակելը ոչ թե որպես ինքնանպատակ գործընթաց պիտի դիտարկենք, այլ շատ կարևոր համալիր ամբողջական ծրագրի մաս: Պետք է ունենանք հետևյալ իրավիճակը. զարգացնել այլընտրանքային խնամքի ծառայություններ՝ գնահատված կարիքներին համապատասխան, ինչն ինքնաբերաբար բերելու է նման հաստատությունների փակմանը:

Այլընտրանքային ծառայությունները իրենցից ենթադրում են՝ ցերեկային կենտրոններ, որտեղ տարբեր կարիքներ կամ խնդիրներ ունեցող երեխաները կարող են ծառայություններ ստանալ, ինչպես նաև արտակենտրոնային ծառայություններ: Համակարգում ունենք չորս հատուկ և երկու ընդհանուր տիպի մանկատուն: Վերջին մեկ-երկու տարվա ընթացքում արդեն իսկ երկու գիշերօթիկ խնամքի հաստատություններ վերակազմակերպվել են երեխայի և ընտանիքի աջակցման կենտրոնի»,- մանրամասնել է նախարարը:

Անդրադառնալով երեխաների՝ մանկատներում հայտնվելու պատճառներին, նախարարը նշել է, որ դրանք կարող են բազմաթիվ լինել, այդ թվում առանձնացնելով այն, որ ծնողները որևէ ձևաչափով իրենց երեխաների խնամքը ընտանիքում կազմակերպելու հնարավորություն չեն տեսնում, ինչը մեծապես պայմանավորված է սոցիալ-վերականգնողական ծառայությունների պակասով, դրանց ոչ հասանելի կամ ոչ մատչելի լինելով:

«Մեր հասարակությունում խնդիրներ ունեցող անձանց առանց խղճահարության վերաբերվելը դեռևս ցանկալի մակարդակի չի հասել: Շատ դեպքերում մենք հաշմանդամություն ունեցող անձանց, այդ թվում երեխաներին, դիտարկում ենք որպես որոշակի խնդիրներ ունեցող անձանց, որոնց պետք է խղճալ կամ ունենալ որոշակի մոտեցում, ինչն անընդունելի է: Նրանք ևս անձինք են, ովքեր ունեն կենսագործունեություն իրականացնելու որոշակի հնարավորություններ, անհրաժեշտ նախադրյալներ, բայց նրանց համար անհրաժեշտ պայմանները մենք պետք է ապահովենք»,-նշել է նախարարը:

ՀՀ մանկատների, հատուկ և գիշերօթիկ հաստատությունների սաների ավելի քան 90%-ը երկկողմանի որբ չէ, առնվազն մեկ ծնող ունի: Այդ մասին ասվում է Human Rights Watch կազմակերպության 2017-ի զեկույցում: