HRW. ՀՀ մանկատների սաների ավելի քան 90%-ն առնվազն մեկ ծնող ունի

HRW. ՀՀ մանկատների սաների ավելի քան 90%-ն առնվազն մեկ ծնող ունի

PanARMENIAN.Net - ՀՀ մանկատների, հատուկ և գիշերօթիկ հաստատությունների սաների ավելի քան 90%-ը երկկողմանի որբ չէ, առնվազն մեկ ծնող ունի: Այդ մասին ասվում է Human Rights Watch կազմակերպության զեկույցում:

Ըստ զեկույցի հեղինակ, Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի փոխտնօրեն Ջեյն Բյուկանանի, հետազոտությունը ցույց է տվել, որ ՀՀ իշխանությունները բավարար ջանքեր չեն գորածդրում ապահովելու համար ներառական ուսուցում դրա կարիքն ունեցող բոլոր երեխաների համար: Նա նշել է, որ Հայաստանի համապատասխան հաստատություններում մոտ 3500 երեխա կա:

«ՀՀ կառավարությունը հավակնոտ պարտավորություններ է ստանձնել հատուկ հաստատություններում երեխաների թվի կրճատման վերաբերյալ, այնուամենայնիվ, խոստումները պետք է հիմնված լինեն հետևողական քայլերի վրա: Հայաստանում դեռևս պայմաններ ապահովված չեն հաշմանդամություն ունեցող երեխաների համար: Թեև այդ հաստատությունների սաների քանակը կրճատվում է, սակայն, հաշմանդամությամբ երեխաների քանակն այդ հաստատություններում աճում է», -ասել է Բյուկանանը:

Նա նշել է, որ կառավարությունը պարտավոր է բոլոր պայմաններն ապահովել, որպեսզի այդ երեխաները կարողանան ընտանիքում ապրել: «Այսօր պետությունը միջոցներ է հատկացնում բյուջեից միայն 25 որդեգիր ընտանիքների համար: Այդպիսով երեխաների մեծ մասը մնում է հաստատություններում,-ասել է նա, հայտնում է «Նովոստի Արմենիան»:

Ըստ նրա, խնդիրներից մեկն այն է, որ Հայաստանում այդպիսի հաստատությունների սաները շարունակում են մնալ այնտեղ նույնիսկ չափահաս դառնալուց հետո: Ըստ նրա, նաև մասնագետների պակաս կա, որոնց ծառայությունները հասանելի են միայն հատուկ հաստատությունների ներսում:

«Ծնողներից շատերը առողջական խնդիրների կամ աղքատության պատճառով ստիպված են երեխաներին հատուկ հաստատություններ ուղարկել, որպեսզի նրանք այնտեղ պատշաճ խնամք ստանան: Այնուամենայնիվ, այդ հաստատություններում երեխաները մեծանում են հարմարված չլինելով ինքնուրույն կյանքին»,-գրել է Բյուկանանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---