13 հունիսի 2017 - 16:27 AMT
ՀՀ ռադիոհաճախականությունների բաշխումների աղյուսակը պարբերաբար վերանայվում է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այցելել է «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ:

Ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Աշոտ Շահնազարյանը նախարարին ներկայացրել է վերջին շրջանում կատարված աշխատանքները, որոնք առնչվում են ՀՀ հաճախականությունների բաշխումներին, ռադիոեթերի դիտարկման և ազդանշանների տեխնիկական պարամետրերի չափումներին, ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձր հաճախության սարքավորումների տեխնիկական զննումներին, եթերի խանգարման աղբյուրների հայտնաբերմանն ու վերացմանը:

Նշվել է, որ պարբերաբար վերանայում են Հայաստանի Հանրապետությունում հաճախականությունների բաշխման ազգային աղյուսակը՝ այն հաճախականությունների բաշխման միջազգային աղյուսակին հնարավորինս համապատասխանեցնելու նպատակով:

Այցի ընթացքում նախարարը ծանոթացել է առկա տեխնիկական հնարավորություններին և աշխատանքային պայմաններին և տվել համապատասխան հանձնարարականներ:

Այնուհետև տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են ընկերության գործունեությանը վերաբերող մի շարք հրատապ հարցեր, անդրադարձ է կատարվել նոր տեխնիկական լուծումներին և ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված քայլերին:

Անդրադառնալով ՊՈԱԿ-ի զարգացման առաջիկա ծրագրերին՝ նախարար Վահան Մարտիրոսյանը հավաստիացրել է, որ նախարարությունը պատրաստակամ է օժանդակելու այդ ծրագրերի իրականացմանը։

Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստում ՀՌԱՀ նախագահ Գագիկ Բունիաթյանը ներկայացրել է «Հեռուստաընկերության և ռադիոյի մասին» և «պետական տուրքի մասին» օրենքների փոփոխությունները, որոնցով ընդլայնվում է ռադիոհեռարձակման ցանցը։

Կարդացեք նաև՝ Հայաստանը պատրաստվում է խլացնել «թուրքական ու ադրբեջանական կլկլոցները»