22 հունիսի 2017 - 14:13 AMT
«Իգլա»-ի գործով Սամվել Բաբայանից բացի 3 մեղադրյալ կա

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին առնչվող «Իգլա»-ի գործով մեղադրյալները 4-ն են: Բոլորին առաջադրվել են միևնույն մեղադրանքները, սակայն նրանցից մեկն այժմ ազատության մեջ է:

Մասնավորապես, մեղադրյալներ են՝ Սամվել Բաբայանը, նրա մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանը, Արմեն Պողոսյանը, որի միջնորդությամբ փորձ է արվել գնել զենքը և Հրաչ Մայիլյանը, որը եղել է զենքը վաճառողը, հայտնում է Aysor.am-ը:

Նրանց բոլորին նախկինում առաջադրված ապօրինի զենքի մաքսանենգության վերաբերյալ մեղադրանքը հանվել է և այդ մասով քրեական գործը ապացույցների անբավարար լինելու հիմքով կարճվել է ու նրանք արդարացվել են: Այժմ նրանք մեղադրվում են ապօրինի ճանապարհով զենք ձեռք բերելու, պահելու, իրացնելու մեջ: Ի սկզբանե այս գործով կալանավորված են եղել միայն երեքը՝ Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը, իսկ Հրաչ Մայիլյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և «Իգլա»-ի գործով մյուս կալանավորվածներին առաջադրված մեղադրանքը մեղմվել է: Ըստ նրա փաստաբանի, իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքից հանվել է 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը (ռազմամթերքի մաքսանենգություն): Միայն Սամվել Բաբայանին առաջադրվել է մեղադրանք՝ Քրեական օրենսգրքի՝ 190-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը): Նաև տեղեկացրել ենք, որ Սամվել Բաբայանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, իսկ Սանասար Գաբրիելյանը ընդունել էր մասնակի և հայտարարել, որ ինքը փորձ է արել զենք գնել՝ հայկական բանակին տրամադրելու համար:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, և նյութերն արդեն տրամադրվել են կողմերին: Այս գործով դատական նիստերը հավանաբար, կընթանան Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

Ընթերցեք նաև. ՊԲ նախկին հրամանատար Բաբայանին առաջադրված մեղադրանքը մեղմվել է