ՊԲ նախկին հրամանատար Բաբայանին առաջադրված մեղադրանքը մեղմվել է

ՊԲ նախկին հրամանատար Բաբայանին առաջադրված մեղադրանքը մեղմվել է

PanARMENIAN.Net - Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և «Իգլա»-ի գործով մյուս կալանավորվածներին առաջադրված մեղադրանքը մեղմվել է: Այս տեղեկությունը հաստատել է Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը, գրում է Yerkir.am-ը:

Նրա խոսքով՝ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքից հանվել է 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը (ռազմամթերքի մաքսանենգություն):

Ներկայումս Բաբայանն ու մյուսները մեղադրվում են միայն ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ, այն է ՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելը, կրելը կամ փոխադրելը:

Սամվել Բաբայանը ձերբակալվել է մարտի 22-ին: ՀՀ Ազգային անվտանգության ծառայության հաղորդմամբ, մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում այս պահին ձերբակալված են 3 անձ, այդ թվում՝ ՀՀ քաղաքացի Սամվել Բաբայանը. «Կատարված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել են նաև արժանահավատ տվյալներ, որ նշված զենիթա-հրթիռային համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերումը և փոխադրումն իրականացրած անձինք գործել են Սամվել Բաբայանի հետ ունեցած նախնական համաձայնությամբ և նրա պատվերով»։

Դատարանի որոշմամբ կալանավորվել է մարտի 24-ին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասի և 235.1. հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: ՀՀ Գլխավոր դատախազության հաղորդմամբ, թեև հանցագործության կատարման մեջ մեղադրվող անձինք առաջադրված մեղադրանքում իրենց մեղավոր չեն ճանաչել, սակայն կասկածյալի դատավարական կարգավիճակում հարցաքննության ընթացքում նրանք, այդ թվում՝ Սամվել Բաբայանը, ընդունել են իրենց առնչությունը նշված ռազմամթերքի ապօրինի շրջանառությանը և տեղեկություններ հայտնել դրա հանգամանքների վերաբերյալ:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---