30 հունիսի 2017 - 11:02 AMT
Ոստիկանություն. «Սասնա ծռերի» առանձին անդամների հանդեպ բռնության լուրերը հերյուրանք են

ՀՀ ոստիկանությունը հայտարարում է, որ «Սասնա ծռեր» խմբի առանձին անդամների նկատմամբ Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում հունիսի 26-ին ոստիկանության ծառայողների կողմից բռնություն կիրառելու մասին տեղեկատվությունը հերյուրանք է:

«Ըստ տարածված տեղեկությունների՝ խմբի անդամներից մի քանիսի առողջությանը իբրև պատճառվել է վնաս: Տարածված տեղեկատվությունը հերյուրանք է: Իրականում, հասարակական կարգը խախտելու և ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին չենթարկվելու համար, խմբի որոշ անդամներ դուրս են բերվել դատական նիստերի դահլիճից: Դուրս բերվելուց հետո, նրանք ոստիկանության ծառայողների նկատմամբ ցուցաբերել են ակտիվ անհնազանդություն, անձնապես վիրավորել վերջիններիս:

Անհնազանդությունը խափանելու նպատակով հիշյալ ամբաստանյալների նկատմամբ կիրառվել է համաչափ ֆիզիկական ուժ: Արձագանքելով կիրառված ուժին, ամբաստանյալներից ոմանք իրենց դժգոհությունն արտահայտել են խցերի դռներին ձեռքերով և ոտքերով հարվածելով: Իրենց իսկ հարվածների կամ ոստիկանության կիրառած ուժի արդյունքում՝ հնարավոր է առաջանային քերծվածքներ: Ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափությունը հաստատվել է իրականացված նախնաան ստուգմամբ», - ասված է ոստիկանության հայտարարության մեջ:

Նշվում է, որ ապատեղեկատվության տարածումը հետապնդում է դատական նիստերի ընթացքում արհեստական լարվածություն առաջացնելու, ոստիկանության ծառայողների ու դատական կարգադրիչների նկատմամբ բռնություններ սադրելու և արդարադատության իրականացումը ձախողելու նպատակ:

Ոստիկանությունը կոչ է անում. դատաքննության ամբողջ ընթացքում ի շահ արդարադատության և հասարակության ընդհանուր բարօրության՝ դրսևորել զգոնություն, իրողությունները ներկայացնել զուսպ և հավասարակշռված՝ տուրք չտալով ավելորդ հուզականությանը:

Հունիսի 28-ին Ավան և Նոր Նորքի դատարանում՝ նկուղային հարկում, ծեծի է ենթարկվել «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը. աչքերի տակ սևացած է, կան նաև այլ կապտուկներ: Այս մասին ֆեյսբուքյան գրառում է կատարել պաշտպան Արայիկ Պապիկյանը՝ տեղեկացնելով, որ պաշտպան Արա Ղարագյոզյանը ավելի ուշ տեսակցել է Արայիկ Խանդոյանին:

«Արայիկ Խանդոյանին հասցված վնասվածքները՝ վնասել են աջ աչքի շրջակայկքը, հարվածներ են հասցրել գլխին, հարվածներ են հասցրել երիկամներին;երկու ոտքերի վրա առկա են արյունազեղման հետքեր և կապտուկներ»,- գրել է Պապիկյանը:

Կարդացեք նաև՝Արայիկ Խանդոյանին ծեծելու դեպքով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել