Չգազաֆիկացված համայնքների համար այլընտրանքային առաջարկների փաթեթ է ներկայացվել

Չգազաֆիկացված համայնքների համար այլընտրանքային առաջարկների փաթեթ է ներկայացվել

PanARMENIAN.Net - Հայաստանի չգազաֆիկացված համայնքներին ջերմային էներգիայով ապահովելու նպատակով էներգետիկայի նախարարությունը մշակել է առաջարկությունների փաթեթ՝ այլընտրանքային եղանակով խնդրի լուծման վերաբերյալ։

Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից մանրամասնում են, որ խոսքը, մասնավորապես, արևային ֆոտովոլտային պանելների և ջրատաքացուցիչների, պելետային կաթսաների կամ վառարանների կիրառման մասին է։

Հայաստանի 329 համայնք գազաֆիկացված չէ։ Խոսքը 150.000 մարդու կամ երկրի բնակչության 5 տոկոսի մասին է։

Փոխնախարար Հայկ Հարությունյանի փոխանցմամբ, իրականացված ուսումնասիրությունների և կատարված հաշվարկների հիման վրա յուրաքանչյուր համայնքի վերաբերյալ ներկայացվել է կոնկրետ առաջարկություն։

«Նախապատվությունը տրվել է առաջին հերթին ջրատաքացուցիչների կիրառմանը։ Դա չգազաֆիկացված համայնքների մեծ մասի տաք ջրի խնդրի լուծման լավագույն և փոխշահավետ տարբերակն է»,-ասել է Հայկ Հարությունյանը։

Ջրատաքացուցիչների կիրառումն իհարկե միակ տարբերակը չէ։ Առանձին համայնքների համար հնարավոր է համարվում նաև գազաֆիկացման իրականացումը։ Այդ խնդիրը դիտարկվել է նաև Հայաստանի գազամատակարար ընկերության հետ։

«Ներկայացված առաջարկությունների փաթեթը, ըստ ամենայնի, առաջիկայում կքննարկվի կառավարությունում։ Հավանության արժանանալուց հետո կսկսվի ծրագրի իրականացումը։ Սակայն դրա համար կպահանջի բավական երկար ժամանակ և լուրջ ֆինանսական միջոցներ։ Ամեն դեպքում կառավարությունը լրջորեն է տրամադրված և պատրաստ է աստիճանաբար լուծել խնդիրը։ Սկզբնական շրջանում նախապատվությունը կտրվի հատկապես սահմանամերձ համայնքներին»,-նշել է Հայկ Հարությունյանը։

Նման փորձ արդեն իսկ կա՝ Լեռնամերձ գյուղը: Փոխնախարար Հայկ Հարությունյանի խոսքով՝«այս գյուղում մարդիկ պահանջում էին, որ ունենան գազ, մենք հաշվարկներ արեցինք և ներդրումը ահռելի մեծ էր։ Որոշեցինք արևային էներգիայով նրանց գյուղը մատակարարել: Ներդրումը նախնական հաշվարկից 3 անգամ պակաս ստացվեց, իսկ էներգիան արդյունքում մարդկանց հասավ անվճար»:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---