Վիվառոն ընդդեմ Adjarabet-ի բողոք է ներկայացրել ՏՄՊՊՀ

Վիվառոն ընդդեմ Adjarabet-ի բողոք է ներկայացրել ՏՄՊՊՀ

PanARMENIAN.Net - ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին դիմում-բողոք է ներկայացրել «Վիվառո Գրուպ» ՍՊԸ-ն՝ ներկայացնելով մրցակից ընկերության՝ Adjarabet.am էլեկտրոնային կայքի սեփականատեր հանդիսացող «Կաբարկո» ընկերության վարքագիծը:

«Վիվառո Գրուպ» ՍՊԸ-ն նշում է, որ վիճակախաղերով և շահումով խաղերով զբաղվող Adjarabet.am-ի գովազդները պարունակում են ակնհայտ անբարեխիղճ մրցակցության տարրեր՝ վնասելով մրցակից ընկերությունների, տվյալ պարագայում իրենց շահերին:

Մասնավորապես, գովազդի տեքստում առկա հետևյալ ձևակերպումները. «ամենաշատ մրցաշարերը Հայաստանում», «ամենաբարձր գործակիցները սպորտում», «ամենահետաքրքիր արագ խաղ, պրոգրեսիվ ջեքփոթ» և «ամենահայտնի Live կազինո խաղերը մեզ մոտ» նախադասություններում օգտագործվող «ամենա» գերադրական աստիճանի օգտագործումն արգելվում է օրենքով, քանի որ այն ուղղակիորեն սպառողներին ուղղորդում է օգտվել հենց իրենց ծառայություններից՝ միաժամանակ վնասելով մրցակիցների շահերին:

Ամենահետաքրքիր, ամենահայտնի, ամենաբարձր և նման այլ արտահայտություններով փորձ է արվում մոլորեցնել սպառողներին՝ ցույց տալով, որ լավագույնը հենց իրենց ընկերությունն է և այլընտրանք չկա: Բացի այդ, դիմումատուն նշում է նաև, որ սպառողներին մոլորեցնելու տարրեր է պարունակում նաև այն, որ Adjarabet.am-ի գովազդային վահանակներում պատկերված են 100.000 դրամ անվանական արժեքով թղթադրամի պատկերներ, ինչն օրենքով արգելված է:

Հանձնաժողովը հանգել է եզրակացության, որ տնտեսվարողի նման վարքագիծը անբարեխիղճ մրցակցության դրսևորում է, ինչի համար Adjarabet.am կայքը շահագործող ընկերությունը՝ «Կաբարկոն» ենթարկվեց պատասխանատվության՝ ստանալով նախազգուշացում:

ՏՄՊՊՀ-ը տնտեսվարողներին մեկ անգամ ևս հորդորում է զերծ մնալ այնպիսի գործողություններից, կամ դրսևորել այնպիսի վարքագիծ, որը ոչ միայն կշփոթեցնի և կմոլորեցի սպառողներին, այլ նաև կվնասի մրցակից ընկերությունների շահերին:

Կարդացեք նաև՝ ՀՀ մի շարք մարզպետարաններ, քաղաքապետարաններ ու ԲԿ-ներ վճարել են «ֆեյք» վիկիպեդիայի համար

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---