ՀՀ մի շարք մարզպետարաններ, քաղաքապետարաններ ու ԲԿ-ներ վճարել են «ֆեյք» վիկիպեդիայի համար

ՀՀ մի շարք մարզպետարաններ, քաղաքապետարաններ ու ԲԿ-ներ վճարել են «ֆեյք» վիկիպեդիայի համար

PanARMENIAN.Net - Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին դիմում-բողոք է ներկայացվել «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպությունը, որը հանդիսանում է միջազգային հայտնի «Վիքիմեդիա հիմնադրամ» կորպորացիայի գործընկերը Հայաստանում:

«Վիքիմեդիա Հայաստանի» հայտնի նախագծերից է Wikipedia ազատ հանրագիտարանը, որը նպատակ է հետապնդում Wikipedia տիրույթում հայկական վիրտուալ բովանդակության մեծացմանը և տարածմանը` նպաստելով հանրության կրթական մակարդակի բարձրացմանը:

Կազմակերպությունը հայտնել է, որ հիմնադրամի նախագծերում տեղադրված տեղեկատվությունը հասարակությանը տրամադրվում է անվճար և հասանելի է բոլորին:

Սակայն, ըստ դիմում-բողոքի, Հայաստանում գրանցվել և գործում է մեկ այլ ընկերություն՝ «Վիքիպեդիա» անվանումով, որը տարբեր կազմակերպությունների դիմելով՝ առաջարկում է պատվիրել վճարովի հոդվածներ և այն տեղադրել www.wikimediaarmenia.am կայքում:

ՏՄՊՊՀ վարույթի ընթացքում պարզվել է, որ ընկերությունը վճարովի ծառայություններ է մատուցել մի շարք մարզպետարանների, քաղաքապետարանների, բուժհաստատությունների, տասնյակ իրավաբանական անձանց:

Պարզվել է նաև, որ ընկերությունն առանց թույլտվության օգտագործում է հիմնադրամին պատկանող ապրանքային նշանը և իրականացնում է գործունեություն, որը դեմ է հիմնադրամի առաքելությանը, նպատակներին և սկզբունքներին: Նման վարքագիծը, անվանման շփոթություն առաջացնելուց բացի, վնասում է Հիմնադրամի վարկարժեքին, քանի որ «Վիքիպեդիա» անվանումը մշտապես ասոցացվել է լայն հանրությանը հասանելի անվճար տեղեկատվություն տրամադրող ինտերնետային հարթակի հետ:

ՏՄՊՊՀ որոշմամբ, «Վիքիպեդիա» ընկերությունը դրսևորել է անբարեխիղճ մրցակցության վարքագիծ՝ ստեղծելով և օգտագործելով այլ տնտեսվարողին պատկանող ապրանքային նշանը՝ վնասելով նրա վարկարժեքին:

Օրենքի խախտման համար, ընկերությունը ստացել է նախազգուշացում՝ խախտումը վերացնելու հանձնարարականով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---