8 հուլիսի 2017 - 13:11 AMT
Թուրքիան արձագանքել է փոխվարչապետի անցանկալի այցի վերաբերյալ Նիդերլանդների հայտարարությանը

Թուրքիայի արտգործնախարարությունը պատասխանել է Նիդերլանդների կառավարության կողմից արված այն հայտարարությանը, թե Թուրքիայի փոխվարչապետ Թուղրուլ Թյուրքեշի՝ հուլիսի 15-ին Հոլանդիա կատարելիք այցն այս պահի դրությամբ ցանկալի չէ:

Մասնավորապես, Թուրքիայի ԱԳՆ-ի խոսնակ Հուսեյն Մուֆթուօղլուն նշել է, որ Հոլանդիայի իշխանությունների նմանօրինակ հայտարարությունը «պարզ ցույց է տալիս, թե ինչպես է այդ երկրում ընկալվում ժողովրդավարություն հասկացությունը», թուրքական լրատվականներին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Նիդերլանդների ԱԳՆ-ն հայտարարել է, որ կառավարությունն անցանկալի է համարում Թուրքիայի փոխվարչապետի այցը երկիր՝ թուրքական համայնքի միջոցառումներին, որոնք նվիրված են Թուրքիայի պետականհեղաշրջման տարելիցին:

Հուլիսի 15-ին լրանում է Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի առաջին տարին: Հեղաշրջման փորձի 1 տարին լրանալու առթիվ Թուրքիայի նախագահի հրամանով երկրի բոլոր նահանգներում պետք է տեղի ունենան հիշատակման արարողություններ:

Մուֆթուօղլուի խոսքերով, ըստ ծրագրի՝ նախատեսվում է, որ հուլիսի 15-ի հետ կապված հիշատակման արարողություններ կանցկացվեն նաև եվրոպական այն երկրներում, որտեղ զգալի թիվ է կազմում թուրք բնակչությունը:

Հոլանդիայի և Թուրքիայի միջև նման ճգնաժամ առաջացել էր 2017 մարտին, երբ Հոլանդիայի իշխանությունները թույլ չէին տվել Թուրքիայի ընտանիքի և սոցիալական հարցերով նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայան Քայային մուտք գործել Հոլանդիա: Քայայի այցի նպատակն էր սահմանադրական հանրաքվեից առաջ հանդիպել Հոլանդիայում բնակվող թուրք ընտրողների հետ: