Քրդերը հայտարարել են, որ ԻՊ ղեկավարը ողջ է

Քրդերը հայտարարել են, որ ԻՊ ղեկավարը ողջ է

PanARMENIAN.Net - Քրդերի հակաահաբեկչական ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչ Լահուր Թալաբանին հայտարարել է, որ «Իսլամական պետության» ղեկավար Աբու Բաքր ալ Բաղդադին, հավանաբար, ողջ է և գտնվում է Ռաքքա քաղաքից դեպի հարավ ընկած տարածքում, հայտնում է ՌԻԱ Նովստին Reuters-ի վրա հղումով:

Ավելի վաղ այն մասին, որ Ալ Բաղդադին թաքնվում է Ռաքքայում, հայտարարել է Իրաքի ՆԳՆ տեղեկատվության ահաբեկչության դեմ պայքարի վարչության պետ Աբու Ալի ալ Բասրին: Այդ քաղաքը մինչ օրս մասնակիորեն գրոհայինների հսկողության տակ է գտնվում:

Հուլիսի 11-ին իրաքյան «Սումարիա նյուզ» լրատվականը հայտնել էր, որ աղբյուրն ահաբեկչական «Իսլամական պետությունում» հաստատել է կազմակերպության ղեկավար Աբու Բաքր ալ Բաղդադիի մահը: Ահաբեկչական կազմակերպության կարճ հայտարարության մեջ ասվում էր, որ Ալ Բաղդադին զոհվել է և առաջիկայում կհայտարարվի նոր առաջնորդի անունը:

Վերջին մի քանի տարում բազմիցս են լուրեր տարածվել Ալ Բաղդադիի մահվան կամ գերեվարման մասին, սակայն հետագայում դրանք հերքվել են: Վերջին նման հաղորդագրությունը հայտնվեց ԶԼՄ-ներում հունիսի 11-ին: Այն ժամանակ բրիտանական Daily Mail-ը Սիրիայի պետական հեռուստատեսության վրա հղումով հայտնեց, որ Ռաքքայի մատույցներում ավիահարվածի արդյունքում սպանվել է ԻՊ առաջնորդը:

Աբու Բաքր ալ Բաղդադին «Իսլամական պետություն» սուննի իսլամիստական ահաբեկչական խմբավորման առաջնորդն է: Նա հայտնի է իր հայտարարությամբ, որով կոչ է արել մահմեդականներին հրաժարվել ժողովրդավարություն, խաղաղություն և այլ արևմտյան հասկացություններից: Ալ Բաղդադին Սիրիայի և Իրաքի տարածքներում ինքնահռչակ «Իսլամական պետության» խալիֆ է հռչակել ինքն իրեն։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---