5 սեպտեմբերի 2017 - 10:47 AMT
Մինչև սեպտեմբերի 10-ը մանկապարտեզ կընդունվի ավելի քան 9000 երեխա

Քաղաքապետարանը հստակ կանոնակարգել է աշխատանքները և համապատասխան կարգի համաձայն, սեպտեմբերի 1-10-ը կկատարվի երեխաների ընդունելություն, որի արդյունքում ավելի քան 9000 երեխա ևս կսկսի հաճախել մանկապարտեզ: Այսպիսի հայտարարություն է արել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային խորհրդակցության ժամանակ՝ անդրադառնալով մանկապարտեզներում հերթագրման և երեխաների ընդունման գործընթացի կազմակերպմանն ու ծնողների մտահոգություններին:

Նա հավելել է, որ վստահաբար կարելի է ասել, որ մտահոգվելու խնդիր բացարձակ չկա:

«Մեր նպատակն է հասնել նրան, որ այս խնդիրը վերջնական լուծում ստանա և հերթեր ու կուտակումներ այլևս չառաջանան: Մանկապարտեզներում երեխաների հերթագրման էլեկտրոնային համակարգը և համապատասխան կանոնակարգը շատ հարցերի լուծումներ են տալիս՝ ապահովելով գործընթացի թափանցիկությունը:

Դեպքեր ունենք, երբ մեկ ամսական երեխաների են հերթագրել, ինչն իսկապես անհասկանալի է: Կամ որոշ ծնողներ դժգոհում են, երբ իրենց դեռ 2 տարեկանը չլրացած երեխային չեն ընդունում մանկապարտեզ՝ չմտածելով, որ եթե տվյալ մանկապարտեզում այդ տարիքային խմբի երեխայի համար պայմաններ չկան, ապա ո՞վ է կրելու պատասխանատվությունը, եթե, Աստված չանի, այդ երեխայի հետ մի բան պատահի. ծնո՞ղը, մանկապարտե՞զը: Հետևաբար, մեր ծնողներին կհորդորեմ զգայական դաշտից զատ, հարցին մոտենալ նաև այս տեսանկյունից: Մենք ամեն ինչ անելու ենք, որ կարողանանք նախադպրոցական կրթություն ապահովենք մեր բոլոր երեխաների համար», - ընդգծել է Տարոն Մարգարյանը, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Աշխատակազմի հանրակրթության վարչությանն ու վարչական շրջանների ղեկավարներին էլ հանձնարարվել է ակտիվացնել նոր կարգի հետ կապված հանրության շրջանում բացատրական աշխատանքները և մանկապարտեզներում ամենամսյա ընդունելությունը կատարել բացառապես «Մանկապարտեզ»էլեկտրոնային հերթագրման համակարգի պահանջներին համապատասխան:

2016 թվականի սեպտեմբերի 1-ին, 2013 թվականին ծնված բոլոր երեխաները մանկապարտեզ հաճախելու իրավունք ունեին, եթե պատշաճ հերթագրում էին անցել: Ըստ նոր որոշման առավելությունը տրվելու է այն երեխաներին, որոնք ծնվել են մինչև օգոստոսի 31-ը:

Ընթերցեք նաև.Երբ պետությունում հաշվել չգիտեն. Սոցվճարներն ու պահումները «փակում են» մանկապարտեզի վարձը