Ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգը. Ինչ է առաջարկում ԿԳՆ-ն

Ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգը. Ինչ է առաջարկում ԿԳՆ-ն

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ներկայացրել է հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգը:

Դրանով ներկայացվում են ՀՀ հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող հաստատություններում ռուսաց լեզվի դասավանդման համակարգի զարգացման հիմնական ուղղությունները, հենակետային սկզբունքները, հիմնական խնդիրների նկատմամբ տեսակետների համակարգը, սկզբունքները, նպատակը:

Նշվում է, որ հայ երիտասարդների կողմից մի քանի օտար լեզուների տիրապետումը դարձել է ժամանակի, ինչպես նաև աշխարհում տեղի ունեցող ինտեգրացիոն գործընթացների պահանջը:

Նշվում է, որ ռուսաց լեզվի տիրապետումը քաղաքացու մրցակցային առավելությունն է բարձրագույն կրթություն ստանալիս և մասնագիտական հմտություններ ձևավորելիս:

Ըստ այդմ, ռուսաց լեզվի ուսուցման նպատակը պետք է լինի նախապատրաստել սովորողներին միջլեզվական և սոցիալմշակութային շփումներին, մշակույթների երկխո-սությանը, ձևավորել սովորողին՝ որպես միջմշակութային հաղորդակցության սուբյեկտի, որը լեզվի յուրացման ընթացքում ձեռք է բերում գիտելիքներ իր երկրի և ուսումնասիրվող լեզվի երկրի և դրա մշակույթի մասին։

Նշվում է նաև, որ կան մի շարք չլուծված խնդիրներ, այդ թվում՝ բովանդակային, մեթոդական, ինչպես նաև կադրային, օրինակ՝ առարկայի ծրագրերը լիովին չեն ապահովում սովորողների հաղորդակցական կարողությունների մակարդակը: Շատ շրջանավարտներ չեն տիրապետում բանավոր և գրավոր խոսքի հմտություններին, գրական ռուսաց լեզվի և խոսքի կանոններին: Տեսական գիտելիքների տիրապետումը շատ դեպքերում, պարզվում է, մեկուսացված է այդ գիտելիքները գործնական միջավայրում, բանավոր խոսքում կիրառելու հմտություններից:

ԿԳՆ-ն որպես լուծում առաջարկում է միջնակարգ ընդհանուր հանրակրթության պետական կրթական չափորոշիչներում վերանայել և մանրամասնել «Ռուսաց լեզու» առարկայի բովանդակային պահանջները: Առաջարկվում է նաև լեզվի ուսուցում այս կամ այն առարկայական ոլորտում (ֆիզիկա, մաթեմատիկա, աշխարագրություն և այլն), այսինքն՝ ավագ դպրոցում մի շարք առարկաններից որոշ թեմաների՝ հայերենին զուգահեռ դասավանդում:

ԿԳՆ-ն առաջարկում է նաև ռուսաց լեզվի խորացված ուսուցմամբ դպրոցների և դասարանների (ինչպես նաև ռուսերենով ուսուցմամբ դասարանների) թվի ավելացման նպատակահարմարության որոշման համար մշտադիտարկում անցկացնել:

10-12-րդ դասարաններում ռուսաց լեզուն կարող է հանդես գալ որպես`պարտադիր դասընթաց, առարկա՝ սովորողի ընտրությամբ, դասընթաց` ըստ նախասիրության։

Հայեցակարգի իրականացումը, ԿԳՆ համոզմամբ, կապահովի ռուսաց լեզվի ուսուցման և դասավանդման նոր մակարդակ:

Կարդացեք նաև՝ Էլի լեզվին տվեցին. Ինչպես են կապված հայերենն ու ռուսերենը

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---