Էլի լեզվին տվեցին

Էլի լեզվին տվեցին

Ինչպես են կապված հայերենն ու ռուսերենը

ՌԴ կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևան հունիսի 6-ին առաջարկել է ԱՊՀ տարածքում վերադառնալ միասնական տառատեսակի: Խոսքը, հավանաբար, ԱՊՀ անդամ այն պետությունների մասին է՝ Ուզբեկստան, Թուրքմենստան, Ադրբեջան, որ չունեն սեփական այբուբեն, և ԽՍՀՄ տարիներին օգտագործել են կիրիլիցան, իսկ անկախացումից հետո անցել լատինատառին:

PanARMENIAN.Net - Չնայած Վասիլևայի ասածը ՀՀ-ին ու հայերեն այբուբենին, ըստ ամենայնի, չի վերաբերում, հայկական իրականության մեջ լուրն ընդունեցին սվիններով: PAN-ը որոշել է, որ ավելորդ չի լինի անդրադառնալ հայերենի ու ռուսերենի կապերին ու նախկինում ռուսերենի հետ կապված սկանդալներին:

Ռուսերենը Հայաստանում

Ռուսերենը ոչ միայն ՄԱԿ-ի պաշտոնական 6 լեզվից մեկն է, այլ նաև զբաղեցնում է աշխարհում ամենաշատ խոսվող լեզուների ցուցակի 6-րդ հորիզոնականը: «Ռոսսոտրուդնիչեստվոյի» տվյալների համաձայն՝ Հայաստանում ռուսերենին տիրապետում է 2.1 մլն մարդ: Բացի այդ, ռուսերենը ներառված է ՀՀ դպրոցական պարտադիր ծրագրում:

Սակայն մենք այս առումով բնավ էլ առաջատարը չենք: Ըստ պաշտոնական վիճակագրության, ամենաշատը ռուսերեն են խոսում Ուկրաինայում (36.8 մլն մարդ), Ղազախստանում (13,5 մլն մարդ), Ուզբեկստանում (11.8 մլն մարդ), Բելառուսում (9,5 մլն մորդ), Լեհաստանում (5,5 միլիոն մարդ) և Գերմանիայում (5,4 մլն մարդ):

Ռուսերենն ու անգլերենը կապում են Հայաստանն աշխարհին

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի մասնագետների բազմապրոֆիլ խումբը հետազոտել է աշխարհի մոտ 1000 լեզվի կիրառումն ու փոխադարձ կապերը` որոշելու նրանց ազդեցիկության աստիճանը: Ըստ այդմ, հայոց լեզուն 48-րդ ամենաազդեցիկ լեզուն է ճանաչվել գրքերի թարգմանության մասով, 59-ը` ըստ ազդեցիկության Վիքիփեդիայում, 57-րդը` Twitter-ում: Ռուսերենն աշխարհի 5-րդ ամենաազդեցիկ լեզուն է գրականության առկայության տեսանկյունից և առաջ է անցնում, օրինակ, իսպաներենից, չինարենից ու ճապոներենից:

Հետազոտությունը նաև բացահայտել է կապերը լեզուների միջև` լեզվային մի միջավայրից մյուսին տեղեկատվություն փոխանցելիս: Հայերենի համար գլխավոր կապակցողներն են համարվել ռուսերենն ու անգլերենը: Դա նշանակում է, որ օրինակ, ֆրանսերեն կամ իսպաներեն գրված հաղորդագրությունը հայալեզու միջավայրում է հայտնվում ռուսերեն և անգլերեն աղբյուրներից թարգմանության միջոցով:

Սկանդալներ ռուսերենի հետ կապված

Ռուսաստանի ԱԳՆ հատուկ կարգադրությունների դեսպան Էլեոնորա Միտրոֆանովան 2016-ի նոյեմբերին հայտարարել է, որ ՌԴ-ն պետք է ջանք գործադրի նախկին ԽՍՀՄ պետություններում ռուսերենին օրենսդրական հատուկ կարգավիճակ տալու ուղղությամբ: «Մեկ սերունդ հետո մենք կբախվենք այն փաստին, որ մարդիկ կդադարեն ռուսերեն խոսել»,- ասել է Միտրոֆանովան։

Այս առթիվ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հայտարարեց. «Հայաստանի պետական լեզուն հայերենն է, լեզուն մեր անկախության հիմնարար արժեքներից մեկն է և «Լեզվի մասին» օրենքը փոփոխության ենթակա չէ: ՀՀ-ում այդպիսի հարց չի կարող գոյություն ունենալ»: Նա շեշտել էր. «Ցանկացած օտար պաշտոնյա, պաշտոնական անձ ցանկացած կարծիք կարող է հայտնել, սակայն մենք ունենք օրենսդրություն, այն աշխատում է և փոփոխելու որևէ հիմք չկա»:

2017-ի մարտին «Ռուսաստանն այսօր» գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը Երևանում հայտարարել է, որ ռուսերենին ազատ տիրապետելը կենսական նշանակություն ունի Հայաստանի համար: Ըստ Կիսելյովի, «առանց ռուսերենի իմացության անհնար է պատկերացնել Հայաստանի ապագան»: Սրանից մոտ 3 տարի առաջ նույն Կիսելյովը ռուսերենի իմացության հարցը բարձրացրել էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակում: Նա շեշտել էր, որ ԼՂՀ ճանաչումը Ռուսաստանից պահանջելուց առաջ Հայաստանն ինքը քայլեր պետք է անի, բայց կատարվում է հակառակը, օրինակ՝ ռուսաց լեզվի դերը Հայաստանում օրեցօր փոքրանում է: «Երևանում չեն մնացել ռուսական դպրոցներ, ռուսական մշակույթը երկրորդական է դառնում, դա էլ է վտանգավոր: Ես այսօր տաքսի նստեցի, 20 տարեկան տղան ռուսերեն անգամ հաշվել չկարողացավ։ Եկեք ամեն մեկս աշխատանքի մեր մասն անենք: Եթե մենք խոսում ենք տրենդներից, եկեք անենք այն, ինչ մեզնից է կախված»,- ասել է Դմիտրի Կիսելյովը:

Արձագանքները Կիսելյովի ու Միտրոֆանովայի հայտարարություններին հիշում ենք բոլորս: Անգամ հաղորդավար, գրող Վլադիմիր Սոլովյովն էր հայտարարել, որ հայ տաքսիստները ռուսաց լեզվին տիրապետում են մի քանի անգամ ավելի լավ, քան իրենք՝ հայերենին, որի համար իրենք նրանց շնորհակալ են, քանի որ հայ տաքսիստները պարտավոր չեն խոսել ռուսերեն. «Ամեն ինչ է պատահում, մարդիկ կատարյալ չեն, գուցե այդ տաքսիստը վատ տրամադրություն ուներ, չի կարելի մեկ դեպքը տարածել ողջ մեծ հայ ժողովրդի վրա»։

Իսկ այդ ժամանակ Ղազախստանում

Դեռևս 2007 թվականին Ղազախստանի նախագահի նախաձեռնությամբ որոշվեց կիրիլիցայից անցում կատարել լատինատառ այբուբենին: Տասը տարի անց՝ 2017-ի ապրիլին, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կառավարությանը հանձնարարեց սկսել ղազախական այբուբենն ամբողջովին լատինատառին անցնելու գործընթացը: Սրա համար վերջնաժամկետ է սահմանվել 2025 թվականը, երբ լատինատառ այբուբենը կստանա պետական կարգավիճակ:

Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Բեգլարյան․ Ազատության հրապարակում Արցախի ժողովրդի կարիքների ապահովման համար հանրահավաք կանցկացվի

Բեգլարյան․ Ազատության հրապարակում Արցախի ժողովրդի կարիքների ապահովման համար հանրահավաք կանցկացվի Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---