Նախարար. Ստենտավորման գինը կարող է նվազել մոտ 40%-ով

Նախարար. Ստենտավորման գինը կարող է նվազել մոտ 40%-ով

PanARMENIAN.Net - Հայաստանում սրտի անոթների ստենտավորման վիրահատությունները օպտիմալացման արդյունքում կարող են նվազել մինչև 40%-ով: Այդ մասին հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը մամուլի ասուլիսում:

«Գները կարող են մոտ 40%-ով նվազել մի շարք պայմանների առկայության դեպքում՝ եթե անձնակազմն ունենա ֆիքսված բարձր աշխատավարձ, և յուրաքանչյուր հիվանդանոցի համար ապահովվի ստենտավորման օրական 5 վիրահատություն»,-ասել է Ալթունյանը, հայտնում է ԱՌԿԱ գործակալությունը:

Նախարարը հավելել է, որ ստենտավորման գների նվազեցման շուրջ բանակցությունները մոտենում են ավարտին:

Պետպատվերի շրջանակում չդեղապատված 1 ստենտի արժեքը 700.000 դրամ է, իսկ դեղապատ ստենտի դեպքում՝ 1,1 մլն դրամ:

2015-ի հունվարի 1-ից Հայաստանում գործող պետծրագրով պետպատվերի շրջանակում իրականացվում են սրտի ստենտավորման շտապ վիրահատություններ սրտի կաթվածից հետո: Վերջին 2 տարում այդ ծրագրով ստենտավորվել է ավելի քան 3000 հիվանդ:

2016-ի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի մի շարք բուժկենտրոններում սրտի ստենտավորման սակագները գրեթե կրկնակի նվազել են: Չնայած դրան՝ հարևան Վրաստանի համեմատ Հայաստանը շարունակում է ոչ մրցունակ լինել ստենտավորման հարցում, իսկ ՀՀ քաղաքացիները՝ վիրահատության համար գնում Վրաստան (թեև նման դեպքերում երկար ճամփորդությունը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ):

Ընթերցեք նաև.Սրտացավ վերաբերմունքը.Ինչ արժե ստենտավորումը ՀՀ-ում ու Վրաստանում

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---