Սրտացավ վերաբերմունքը

Սրտացավ վերաբերմունքը

Ինչ արժե ստենտավորումը ՀՀ-ում ու Վրաստանում

2016-ի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի մի շարք բուժկենտրոններում սրտի ստենտավորման սակագները գրեթե կրկնակի նվազել են: Չնայած դրան՝ հարևան Վրաստանի համեմատ Հայաստանը շարունակում է ոչ մրցունակ լինել ստենտավորման հարցում, իսկ ՀՀ քաղաքացիները՝ վիրահատության համար գնում Վրաստան (թեև նման դեպքերում երկար ճամփորդությունը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ): PanARMENAIN.Net-ը ներկայացնում է՝ որքան են նվազել ստենտավորման սակագները Հայաստանում, և որքանով են դեռևս զիջում հարևան Վրաստանին:

PanARMENIAN.Net - Երևանում և մարզերում սրտի վիրահատությունների գները մատչելի դարձնելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը դեռևս 2016-ի հուլիսին բուժօգնություն իրականացնող կազմակերպություններին և մատակարարներին կոչ արեց ուսումնասիրել և վերանայել սրտային վիրաբուժության գնային քաղաքականությունը:

Ստենտի տեղադրման անհրաժեշտությունն առաջանում է կորոնար զարկերակների նեղացման հետևանքով: Ստենտը բարակ մետաղալարից հյուսված փոքր խողովակ է: Կան ստենտի տեսակներ, որոնք ներսից պատված են հատուկ դեղորայքով՝ պաշտպանելու զարկերակը հետագա խցանումից: Տեղադրումից հետո ստենտն ընդլայնվում է և կողմ հրում նեղացած պսակաձև զարկերակների պատերը՝ թույլ չտալով դրանց նորից նեղանալ:

Առողջապահության նախարարության նախաձեռնությանն առաջինն արձագանքեց Գյումրու բժշկական կենտրոնը՝ գինը նվազեցնելով մոտ 300.000 դրամով. եթե մեկ դեղապատ ստենտի տեղադրման արժեքը նախկինում կազմում էր 1.5 մլն դրամ, ապա այժմ հիվանդը վճարում է 1.2 մլն դրամ:

Հաջորդն «Աստղիկ» բժշկական կենտրոնն էր. 2016-ի սեպտեմբերի 1-ից կենտրոնը սրտի ստենտավորման գները մոտ երկու անգամ նվազեցրեց: Այժմ 1 ստենտի տեղադրումը «Աստղիկ» բժշկական կենտրոնում արժե 1.1 մլն դրամ՝ նախկին 1.8 մլն-ի փոխարեն, ընդ որում՝ այս գնի մեջ ներառված է նաև կորոնարոգրաֆիան։

Կորոնարոգրաֆիան սիրտը սնուցող անոթների՝ զարկերակների հետազոտման եղանակ է, որը ցույց է տալիս պսակաձև (կորոնար) զարկերակների վիճակն ու ախտահարումների առկայությունը: Այս հետազոտության հիման վրա էլ կատարվում է հիվանդի հետագա վարման մարտավարության ընտրություն: Հնարավոր է երեք տարբերակ. հիվանդների մի մասն առողջ է լինում կամ ունենում է դեղորայքային բուժման կարիք, մյուս մասը ստենտավորման կարիք է ունենում և մեկ այլ դեպքում էլ անհրաժեշտ է լինում սրտի բաց վիրահատության:

«Արամյանց» ԲԿ-ն ևս, միանալով առողջապահության նախարարի կոչին, նվազեցրեց սրտի ստենտավորման գները: Բուժկենտրոնից հայտնեցին, որ եթե նախկինում մեկ դեղապատ ստենտի տեղադրման արժեքը կազմում էր 1.900.000 դրամ, ապա այժմ 1.100.000 դրամ է: Բացի այդ, կորոնոգրաֆիայի հետ միասին ստենտավորումը եթե նախկինում արժեր 2.300.000 դրամ, ապա այսուհետ հնարավոր կլինի այն իրականացնել 1.200.000-ով:

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում ևս սակագները նվազեցին: Մասնավորապես, եթե նախկինում դեղապատ մեկ ստենտի տեղադրումն արժեր 1.650.000 դրամ, իսկ կորոնարոգրաֆիան` 190.000 դրամ, ապա 2016-ի սեպտեմբերի 6-ից ստենտավորումն արժե 1.100.000 դրամ, կորոնարոգրաֆիան` 140.000 դրամ:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը նվազեցրեց միանգամից մի շարք ծառայությունների սակագներ: Մանսավորապես՝ անգիոգրաֆիկ ծառայությունը 240.000 դրամից իջավ 160.000-ի։ Ոչ դեղապատ ստենտը 1.200.000-ից իջավ 850.000-ի դրամի, իսկ դեղապատը` 1.700.000-ից՝ 1.100.000-ի։

Հայաստանում սրտի անհետաձգելի վիրահատության պետպատվերի սակագները ևս նվազեցին՝ 1.100.000 դրամի փոխարեն սահմանվել է 700.000 դրամ՝ ոչ դեղապատ ստենտի տեղադրման համար:

Չնայած սրան՝ գինը դեռ բարձր է Վրաստանից: Ստենտավորումը հարևան Վրաստանում սկսվում է $500-ից՝ մոտ 240.000 դրամ, ինչը մի քանի անգամ մատչելի է հայաստանյան գներից՝ չնայած անգամ գրանցված միջինում մոտ 700.000 հազար դրամով էժանացմանը:

Ավելին, Վրաստանի տարբեր բուժհիմնարկներում 2 դեղապատ ստենտի տեղադրման սակագինը սկսվում է $1400-ից (մոտ 700.000 դրամ):

2015-ի հունվարի 1-ից Հայաստանում մեկնարկել առողջապահական նոր ծրագիր, որի շնորհիվ արդեն հնարավոր է սրտի անվճար և/կամ արտոնյալ սկզբունքով վիրահատություններ իրականացնել նաև դրա իրավունք չունեցող անձանց համար : Այս նպատակով բյուջեից ընդհանուր առմամբ հատկացվող գումարը հնարավորություն է տալիս տարեկան վիրահատել մոտ 1.200 անձի՝ օգտագործելով ոչ դեղապատ 1 ստենտ։

Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---