5 դեկտեմբերի 2017 - 10:45 AMT
Մոսկվայում Բաղրամյանի ծննդյան 120-ամյակի միջոցառումներ կանցկացվեն

Դեկտեմբերի 5-ին Մոսկվայում նշելու են Խորհրդային միության մարշալ, ԽՍՀՄ կրկնակի հերոս Հովհաննես Բաղրամյանի ծննդյան 120-րդ տարեդարձը: Հանդիսություններին կմասնակցի նաև ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը:

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները Մոսկվայում կմասնակցեն նաև դեկտեմբերի 7-8-ը կայանալիք ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայի ստեղծման 185 ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մոսկվայի Հաղթանակի թանգարանում կանգնեցվել է Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի բրոնզե կիսանդրին ծննդյան 120-ամյակի կապակցությամբ: Զորավարի բրոնզե քանդակը տեղադրվել է թանգարանի գլխավոր սրահում, խորհրդային հրամանատարների պանթեոնում, որը ոգեկոչում է Մեծ հայրենականի հերոսների սխրագործությունը։

Հովհաննես Բաղրամյանը Խորհրդային Միության նշանավոր զորահրամանատար է, Խորհրդային Միության մարշալ, ԽՍՀՄ պաշտպանության փոխնախարար։ 1915-ին Բաղրամյանը կամավոր ընդգրկվել է Ռուսաստանի բանակում՝ 2-րդ Կովկասյան սահմանային գնդում՝ Ռուսաստանի էքսպեդիցիոն կորպուսի կազմում, և Առաջին համաշխարհային պատերազմի մեծ մասը կռվեց Կովկասյան ճակատում՝ Օսմանյան կայսրության դեմ։ Հայկական բանակի կազմում մասնակցել է 1918-ի Սարիղամիշի և Կարսի տարածքում թուրքերի դեմ կռիվներին, ինչպես նաև Սարդարապատի հերոսամարտին։

1941-ի հունիսին նշանակվել է ԽՍՀՄ բանակի շտաբի պետի տեղակալ Հարավ-արևմտյան ռազմաճակատում: 1942-ին առաջ է քաշվել 11-րդ գվարդիական բանակի հրամանատարի պաշտոնին, և վարել է Օրյոլի մոտ «Կուտուզով» օպերացիան։ 1943-ին Բաղրամյանը գեներալ-գնդապետի կոչումով նշանակվել է 1-ին Մերձբալթյան ռազմաճակատի հրամանատար և մասնակցեց 1944-ի խորհրդային մեծ հարձակմանը Բելառուսում և Լիտվայում՝ («Բագրատիոն» օպերացիա)։ Նրա բանակները ճեղքեցին-հասան Բալթիկ ծով և շրջապատեցին 30 գերմանական դիվիզիաների Լատվիայում։ Այս ռազմական սխրագործության համար Բաղրամյանն արժանացավ Սովետական Միության հերոսի կոչման։

1945-ի սկզբին նրա բանակը մասնակցել է Արևելյան Պրուսիայի գրավմանը։ Բաղրամյանն էր ղեկավարում Քեոնիգսբերգի (այժմ՝ Կալինինգրադ) գրավման օպերացիան. 1945 թվականի ապրիլին և 1945 թվականի վերջին ստիպեց Մերձբալթիկայում շրջափակված գերմանական հզոր զորախմբավորմանը հանձնվել։ 1955-ին նշանակվել է ԽՍՀՄ պաշտպանության փոխնախարար և ստացավ Խորհրդային Միության մարշալի կոչում։